![]()
Դիվերսիֆիկացում կամ շինարարություն
Կառավարությունը գիտակցում է առաջինի կարևորությունը, բայց ընտրում է երկրորդը Հայաստանի կառավարությունը տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկում է նոր քայլեր։ Հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում տնտեսական անկումը զգալիորեն պայմանավորված է շինարարության ոլորտի կրճատմամբ, կառավարությունը զգալի ջանքեր է կենտրոնացրել հենց այս ոլորտում։ Հիշեցնենք, որ այս տարվա յոթ ամիսներին արձանագրված 18,5% տնտեսական անկման 14,1%-ը պայմանավորված է եղել շինարարությունում արձանագրված 54,4% անկմամբ։ Գիտակցելով ցածր դիվերսիֆիկացված տնտեսության խոցելիության բարձր մակարդակը՝ կառավարությունը, չգիտես ինչու, նորից օժանդակում է շինարարությանը։ Գործադիրն ԱԺ է ներկայացրել «Կառավարության որոշմամբ ընտրված հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» օրինագիծը, որով ցանկանում է խրախուսել շինարարական ծրագրերը։ Եթե հաշվի առնենք նաև կառուցապատողներին Դ20 մլրդ-ի պետական երաշխիքներ տրամադրելու ծրագիրը և ազգային հիպոթեկային ընկերության ստեղծումը, ապա սա շինարարությունը փրկելու կառավարության արդեն երրորդ նախաձեռնությունն է։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսն ասել էր, որ դրական պետք է համարել շինարարության ծավալների կրճատումը: Կառավարությունն օրենքի նախագծում սահմանել է, որ երեք տարվա ընթացքում կհամաֆինանսավորի $1մլրդ-ից ավելի հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը: Համաֆինանսավորումն իրականացվելու է կառուցապատողի կողմից այդ ծրագրերի իրականացման մասով վճարած ԱԱՀ-ի և վարձու աշխատողների համար վճարած սոցիալական ապահովության վճարի գումարների չափով։ Գործադիրը հավատում է, որ օրինագծի ընդունումը կնպաստի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կաշխուժանա շինանյութերի շուկան, կավելանան նաև շինարարության հետ կապված այլ ոլորտների արտադրության և սպասարկման ծավալները: Այս ամենը կհանգեցնի տնտեսության և սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Հասկանալի է, որ եթե կառավարության այս նախաձեռնությունը թվային արտահայտությամբ նույնիսկ ապահովի դրական արդյունքներ, տնտեսական աճը, միևնույն է, «որակական» չի լինի։ Շինարարությանը բյուջեի հաշվին մեծ օժանդակություն ցուցաբերելու կառավարության գործողությունները որոշակիորեն հակասում են դեռ գարնանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած թեզերին։ Այսպես, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության համաժողովում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն ունի տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիայի խնդիր: «Դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի։ Վերջին յոթ տարվա տնտեսական աճի շարժիչը եղել է շինարարությունը»,- ասել էր վարչապետը (տե՛ս «Կապիտալ», թիվ 90, 14 մայիս, 2009թ.)։ Նա գործարարներին նաև վստահեցրել էր, որ երեք տարի հետո Հայաստանը կունենա դիվերսիֆիկացված տնտեսություն։ «Դիվերսիֆիկացիա իրականացնելու համար մեր ծրագրի հիմքում ընկած է երեք սյուն. առաջին՝ մենք պարտավոր ենք էական նշանակություն տալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ ՏՏ ոլորտում։ Երկրորդը ժամանակավոր դժվարություն ունեցող, ոչ իրենց մեղքով խնդիրների առջև հայտնված, սակայն պետության համար համակարգային նշանակություն ունեցող ձեռնարկություններին աջակցությունն է: Երրորդը փոքր և միջին բիզնեսի օժանդակությունն է, և մենք այստեղ համալիր ծրագրեր ենք իրականացնում»,- նշել էր վարչապետը: Այս թեզերի համատեքստում անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը որոշել հարկային արտոնություններ տրամադրել ոչ թե, օրինակ, ՏՏ ոլորտին, կամ համակարգաստեղծ ընկերություններին, այլ հենց կառուցապատողներին։ Ամենայն հավանականությամբ, կառավարությունը, գիտակցելով տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, ընտրել է տնտեսության վերականգնման կարճ ճանապարհը՝ հաշվի առնելով թերևս այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման կառուցվածքային ուղղվածությունը կտրուկ փոխելիս կառաջանան որոշակի խնդիրներ, այդ թվում՝ կառուցվածքային գործազրկության խնդիրը։
Սակայն պետք է գիտակցել, որ ճգնաժամը հարմար առիթ է նախկին սխալներն ուղղելու համար, այլապես ոչ հեռավոր ապագայում մենք ստիպված կլինենք բախվել տնտեսական ճգնաժամի նոր՝ ավելի խորքային դրսևորումների։
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝ © «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։ Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։ Designed and developed by Smart Systems LLC |