![]()
Աշխատում են շահույթով, բայց հիպոթեկ քիչ են տալիս
Բանկերը նախընտրում են կորպորատիվ հաճախորդներին Բոլոր այն հայտարարությունները, որ Հայաստանի հիպոթեկային շուկան երրորդ եռամսյակում ակտիվացել է, չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ: ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ որի՝ առևտրային բանկերի հիպոթեկային պորտֆելը հունիսից հետո աճ չի ունեցել և գտնվում է Դ83 մլրդ-ի շրջանակներում: Իսկ սպառողական վարկերը նույնիսկ նվազել են 2.9%-ով և կազմում են Դ134.6 մլրդ: Սակայն, ընդհանուր առմամբ, բանկային համակարգը պասիվ համարել չի կարելի, քանի որ բոլոր հիմնական չափորոշիչներով աճի միտումները պահպանվել են: Այսպես, վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում աճել է 8.7%-ով՝ հասնելով Դ690 մլրդ-ի: Վարկերի աճը հիմնականում տեղի է ունեցել արդյունաբերության, առևտրի և ֆինանսական սեկտորի վարկավորման մասով: Բանկերն ակնհայտորեն նախընտրում են կորպորտիվ հաճախորդներին, որի հետևանքով իրավաբանական անձանց վարկավորումն աճել է 15.5%-ով, իսկ ֆիզիկական անձանցը նվազել է 0.6%-ով: Սպառողական վարկերի կասեցման արդյունքում առևտրային բանկերի վարկային պորտֆելն էական կառուցվածքային փոփոխություն է կրել՝ սպառողական վարկերն առաջնությունը զիջել են առևտրի վարկավորմանը: Առևտրի ոլորտին տրամադրված վարկերը կազմում են Դ143.6 մլրդ, իսկ սպառողական վարկերը՝ Դ134.6 մլրդ: Երրորդ տեղում արդյունաբերության վարկավորումն է՝ Դ116.3 մլրդ: Եթե առաջին կիսամյակը բանկային համակարգը փակել էր վնասով, ապա 9 ամսվա արդյունքներով ձևավորվել է մոտ Դ2.2 մլրդ շահույթ, որը սակայն մի քանի անգամ զիջում է նախորդ տարվա շահութաբերության մակարդակին: Առևտրային բանկերի ակտիվներն ընդհանուր առմամբ կազմել են Դ1.2 մլրդ:
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝ © «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։ Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։ Designed and developed by Smart Systems LLC |