Ճտերն աշնանն են հաշվում
«Արաքս» թռչնաֆաբրիկան նախատեսում է արտադրվող թռչնամսի ծավալները հասցնել շուրջ 3500 տոննայի
Արմենպրես
|
| Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկա: |
Նոր հոսքագծերի գործարկման կապակցությամբ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկա:
Ըստ «Արմենպրեսի»՝ նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Արաքս» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչատուր Խաչիկյանը և այլք:
Կարևորելով ֆաբրիկան գերժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու աշխատանքները՝ Տ. Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կիրառմամբ Հայաստանը տարածաշրջանում առաջիններից է: Միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկայի կիրառումը, նրա խոսքով, թույլ կտա բարելավել ֆաբրիկայում իրականացվող տեխնոլոգիական բոլոր գործընթացները և բարձրացնել արտադրողականությունը: Դրա արդյունքում ակնկալվող արդյունքները հատկապես կարևոր են տարածաշրջանային մրցակցության պայմաններում:
«Ամենակարևորն այն է, որ ֆաբրիկան ապահովում է սննդի անվտանգություն: Ողջունելի է սեփականատիրոջ՝ ֆաբրիկան վերազինելու նախանձախնդիր մոտեցումը»,- նշեց ՀՀ վարչապետը՝ կարևորելով նման նախաձեռնությունների ցուցաբերումը բիզնեսի այլ ոլորտներում ևս:
Ֆաբրիկան վերազինելու նպատակով գերմանական «ԷՄՖ» ընկերության հետ կնքվել է շուրջ €1.5 մլն-ի պայմանագիր, որի շրջանակներում ձեռք են բերվել թռչունների սպանդն ամբողջությամբ ավտոմատացնելու գերժամանակակից սարքավորումներ: Ընկերության նախագահ Լոտար Յանոտտան, ողջունելով այս նախաձեռնությունը, իր զարմանքն արտահայտեց տեխնոլոգիաների ներդրման և արտադրամասի վերազինման աշխատանքների կատարման արագության վերաբերյալ:
Թռչնաֆաբրիկայի մորթի արտադրամասը գործելու է Եվրամիության կողմից հաստատված սննդի անվտանգության չափանիշներին համապատասխան: Մասնավորապես, թռչնամսի վերամշակման ժամանակ չեն օգտագործվելու մարդու համար վտանգավոր քիմիական նյութեր՝ մկնդեղ, նիտրիտներ և այլն, որոնք օգտագործվում են հին սարքավորումներում՝ թռչնամսի ապրանքային տեսքը, գույնը և որակական այլ հատկանիշերը պահպանելու համար:
Սպանդանոցում միաժամանակ ավտոմատացված են նաև մսեղիքից ներքին օրգանների և փորոտիքի հեռացման, մսեղիքի կտրտման և տեսակավորման, ինչպես նաև փորոտիքից և ոսկրերից մսոսկրային ալյուրի (որն օգտագործվում է որպես անասնակեր) պատրաստման գործընթացները: Նոր հոսքագծերով հագեցած արտադրամասում հնարավոր է 1 ժամում սպանդի ենթարկել մինչև 3 500 թռչուն:
Հյուրերը շրջեցին ֆաբրիկայում, ծանոթացան նոր հոսքագծերի աշխատանքին, ականատես եղան թռչնամսի արտադրության գործընթացներին: Վարչապետին ներկայացվեցին նաև ֆաբրիկայի գործունեությանը վերաբերող այլ մանրամասներ: Այցելություն կատարվեց նաև թռչնի սպանդի և թռչնամսի արտադրության նախկին արտադրամասեր, որոնց համեմատ, հյուրերի բնորոշմամբ, «նորն անհամեմատ լավն է»:
«Արաքս» թռչնաֆաբրիկան նախատեսում է այս տարի արտադրվող թռչնամսի ծավալները հասցնել շուրջ 3 500 տոննայի: 2007թ. ֆաբրիկան արտադրել է շուրջ 2 300 տոննա թռչնամիս:
Ներկայումս ֆաբրիկայի աշխատակիցների թիվը 625 է: Այստեղ գործում է 54 թռչնանոց: Ֆաբրիկան ինքնուրույն է ստանում մսի արտադրության համար անհրաժեշտ ճտերը և հավերը: Ի դեպ, ներկայումս այստեղ ընթանում են ժամում 15 տոննա արտադրողականությամբ նոր կերախոհանոցի կառուցման աշխատանքները:
anonymous - 16 Մայիս 2010թ.
Amen angam erb lsum em "taracashrjanum arjinneric enq" artahaytutyun@, es zarmanum em. inch e nshanakum taracashrjanum arajinneric. inch enq haskanum taracashrjan. ete nkati unenq vore 3-5 erkneri sharqum arajinneric enq (voch te arajin@) apa da darnum e hamarya hamarjeq ayn pndman@ vor verjin@ chenq. cicaxeli e, bayc amen depqum eli lav vor verjin@ chenq (hamenayn deps @st pashtonakan andzanc)