Ինչո՞ւ են զգուշանում բանկերը
«ՎՏԲ-Հայաստան բանկն» առաջին եռամսյակը փակել է վնասով
Արմենակ Չատինյան
|
| Վալերի Օվսյաննիկով. «Մենք աշխատում ենք տոկոսադրույքների իջեցման ուղղությամբ, սակայն իրավիճակը թույլ չի տալիս գնալ այդ քայլին»: |
Հայաստանի առևտրային բանկերը զգույշ վարկային քաղաքականություն են իրականացնում, չնայած ունեն կապիտալիզացիայի բարձր մակարդակ և գերիրացվելիություն: Բանկերը դեռ չեն հստակեցրել՝ ինչ մոտեցում են ցուցաբերելու ռիսկերը գնահատելիս:
Օվսյաննիկովը կանխատեսում է $1/Դ360-380 փոխարժեք
Երեկ հրավիրված ասուլիսին «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը հայտարարեց, որ այս տարի բանկային համակարգի առաջնային նպատակներն են վարկային ռիսկերի վերահսկողության ուժեղացումը և ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը։ Միևնույն ժամանակ բանկային համակարգում բոլոր ուղղություններով ընթանալու է ծախսերի օպտիմալացում։
Առայժմ Հայաստանի բանկային համակարգը կարելի է բնորոշել «կայուն» բառով. դրա վկայությունն է Օվսյաննիկովի այն հայտարարությունը, թե բանկերի կապիտալիզացիայի մակարդակը բանկերի 80-90%-ին թույլ կտա դիմակայել փոխարժեքի ցանկացած տատանման։
Սակայն Օվսյաննիկովը դրամի կտրուկ արժեզրկման նախադրյալներ չի տեսնում։ Բանկի մասնագետների փոխարժեքային կանխատեսումները համընկնում են Կենտրոնական բանկի կանխատեսումներին (տարվա կտրվածքով $1փոխարժեքը կլինի Դ360-Դ380 շրջանակներում)։
Վատատեսական զարգացումների պայմաններում բանկերը խնդիրներ կունենան վարկերի վերադարձելիության հետ կապված։
«Վատ» վարկերն ավելանում են
Թեև այս տարվա համար դրամի կտրուկ արժեզրկում այլևս չի սպասվում, «ՎՏԲ-Հայաստան բանկում» նախատեսվում է պահուստների ավելացում։
«ՎՏԲ-Հայաստան բանկը», ինչպես հայտնի է, մասնագիտանում է ֆիզիկական անձանց վարկավորման ուղղությամբ, չնայած վերջին շրջանում կորպորատիվ հաճախորդների աճ է նկատվում:
Ըստ Օվսյաննիկովի՝ ֆիզիկական անձանց տրվող վարկերի (նրա բնութագրմամբ՝ մանրածախ վարկեր) գծով հնարավոր է, որ «վատ» (անհուսալի) վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում կազմի 4-4,5%։ Եթե հաշվի առնվեն ոչ միայն տոկոսները, այլ նաև վարկի մայր գումարը, ապա «վատ» վարկերի տեսակարար կշիռը կարող է կազմել շուրջ 8%, ինչը բարձր ցուցանիշ է։
Ներկայումս բանկում ժամկետանց վարկերը կազմում են 1,5%-2%։
Բանկի «մանրածախ» վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ $100 մլն, որից՝ $40 մլն-ը հիպոթեկային վարկեր են։ Բանկի հաճախորդների մոտ վարկերի մարման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչը բերել է պահուստներ կատարվող փոխանցումների աճին։
Չնայած նման զարգացումներին՝ «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրենը նշեց, որ իրենք չեն իրականացնելու պարտքերի համատարած վերակառուցում։
Պարտքի հնարավոր վերակառուցման համար սահմանվել են մի քանի չափանիշներ, մասնավորապես՝ հաճախորդը պետք է մարած լինի վարկի 50%-ը, ներկայացնի, թե որ աղբյուրի հաշվին է իրականացնելու մարումը։
Ըստ Օվսայննիկովի՝ այս գործընթացի կազմակերպման հարցերը հստակեցնում են ԿԲ-ի հետ, և ակնկալվում է, որ մայիսի վերջին ինչ-որ կարգ կհաստատվի։ Դրանից հետո պարտքերի վերակառուցման հարցում կլինեն ընդհանուր մոտեցում և չափորոշիչներ։
«Մեր հիմնական խնդիրն է պահպանել ավանդատուների և բաժնետերի միջոցները։ Վարկառուն վերցրել է միջոցները և պետք է դրանք վերադարձնի»,- նշեց Օվսյաննիկովը՝ հավելելով, որ պարտքի վերակառուցման հարցում պետք է լինի բանկի և հաճախորդի բարի ցանկությունը։
ԿԲ-ի շնորհիվ՝ Դ136 մլն-ի վնաս
Ներկայացնելով այս տարվա գործունեության արդյունքները՝ Օվսյաննիկովը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» այս տարվա առաջին եռամսյակում, իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ, ունեցել է վնաս՝ Դ136 մլն։
Ըստ Օվսյաննիկովի՝ վնասների 80%-ը պայմանավորված է այս տարվա մարտին տեղի ունեցած դրամի արժեզրկումով, իսկ 20%-ը՝ պահուստների ավելացումով։
Չնայած առաջին եռամսյակում կրած վնասներին՝ «ՎՏԲ-Հայաստան բանկում» նախատեսում են այս տարին փակել շահույթով։ Սակայն շահույթի ծավալը, ամենայն հավանականությամբ, նախատեսվածից քիչ կլինի։ Նույնիսկ տնտեսությունում առկա բարդությունների պայմաններում բանկը շարունակելու է ավելացնել վարկերի և ներգրավվող միջոցների ծավալները։
Ուշադրություն է դարձվելու փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալների ավելացման վրա։ Այդ նպատակներով օգտագործվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի վարկային միջոցները, ինչպես նաև բանկի սեփական միջոցները։
Բանկի վարկային պորտֆելը առաջին եռամսյակում աճել է 5%-ով՝ կազմելով Դ74,2 մլրդ, հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալն աճել է 21%-ով՝ կազմելով Դ33,3 մլրդ, ժամկետային ավանդների ծավալը կազմել է Դ20,7 մլրդ (աճը՝ 40%), իսկ գործառնական եկամուտը կազմել է Դ1,6 մլրդ։
Տոկոսադրույքները չպետք է բարձրանան
Օվսյաննիկովը տոկոսադրույքների հետագա բարձրացման համար նախադրյալներ չի տեսնում։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե առևտրային բանկերից մի քանիսը բարձրացնում են ներգրավող միջոցների տոկոսադրույքները, ապա դա անմիջապես բերում է վարկերի տոկոսադրույքների համընդհանուր բարձրացմանը։
«Մենք աշխատում ենք տոկոսադրույքների իջեցման ուղղությամբ, սակայն իրավիճակը թույլ չի տալիս գնալ այդ քայլին»,- նշեց Օվսյաննիկովը՝ հավելելով, որ իրենք ՓՄՁ վարկերը տրամադրում են տարեկան 18-24%-ով, իսկ կորպորատիվ բիզնեսի վարկավորման ժամանակ ցուցաբերվում է անհատական մոտեցում։
Ուշագրավ է, որ թեև «ՎՏԲ-Հայաստան բանկը» այս տարվա առաջին եռամսյակը փակել է վնասով, Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակում բավական բարձր տեղ է գրավում (17-րդ):
«ՎՏԲ-Հայաստան բանկը» պետբյուջե է վճարել Դ454,781 մլն ուղղակի հարկեր (եկամտահարկ, շահութահարկ)։ Բանկային համակարգից սա ամենամեծ վճարումն է:
Բանկի մամուլի ծառայությունում պարզաբանեցին, որ բանկի կողմից այս տարվա առաջին եռամսյակում վճարված ուղղակի հարկերի մեջ ներառված է նաև անցած տարվա շահութահարկը, ինչպես նաև այս տարվա ընթացիկ վճարումները եկամտահարկի գծով։