Մարտյան հարկային մոնիտորինգ
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 325 խոշորների մոնիտորինգի արդյունքները
Կապիտալ
|
| 2009թ. մարտին 325 խոշոր հարկ վճարողները վճարել են Դ13.6 մլրդ. հարկ՝ Դ5.3 մլրդ-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից: |
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մշակել և վերլուծության է ենթարկել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ. մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները»՝ ըստ 325 խոշոր հարկ վճարողների ցանկի:
Իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ խոշոր հարկ վճարողների ներմուծման ծավալները մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, նվազել են 17.4%-ով և կազմել ընդամենը Դ46 մլրդ:
Այսպես, «ՀայՌուսգազարդ», «Քաղ Պետրոլ սերվիս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ընկերությունները միասին վերցրած 2009թ. մարտին ՀՀ տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծել են Դ12.8 մլրդ-ի ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ամսվա Դ13.9 մլրդ-ի փոխարեն կամ պակաս Դ1.1 մլրդ-ով:
Այս ցուցանիշի նվազումը ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը նվազել է 17.4%-ով:
Գրանցվել է արտահանման ծավալների էական անկում՝ 40.4%-ով՝ կազմելով Դ11 մլրդ.:
Այսպես, միայն երեք կազմակերպությունների՝ «Մաքուր երկաթի գործարանի», «Արմենիան Քափըր Փրոգրամի» և «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշնի» կողմից արտահանման ծավալները նվազել է Դ4.4 մլրդ-ով:
2009թ. մարտին խոշոր հարկ վճարողները վճարել են Դ13.6 մլրդ. հարկ՝ Դ5.3 մլրդ-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից:
Միաժամանակ, նշված 325 կազմակերպությունները 2009թ. մարտին վճարել են հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 48.6%-ը:
«ՀայՌուսգազարդ»», «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» ընկերություններն ընդհանուր առմամբ 2009թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բյուջե պակաս հարկային վճարումներ են կատարել Դ1.5 մլրդ-ով:
Հարկային մարմնի կողմից 2009թ. մարտին կատարվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 55 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ՝ Դ207.6 մլն-ի չափով: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 21.7 %-ով:
Աշխատողների միջին ցուցակային թիվը 2009թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պակասել է 5.4%-ով, որի հիմնական պատճառը շարունակում է մնալ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Միաժամանակ աճել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշը, ավելին՝ արձանագրվել է 4.6% աճ նախորդ տարվա մարտի նկատմամբ: