Ինտերնետում լավ չենք ներկայացված
Զբոսաշրջիկները Հայաստանն ընկալում են որպես ստատիկ երկիր
Արմենպրես
|
| Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մրցունակ դարձնելու հարցեր են քննարկվել Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողովում: |
Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մրցունակ դարձնելու հարցեր են քննարկվել երեկ Երևանում կայացած Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երրորդ համաժողովում:
Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես Հայաստանի վարկանիշի ձևավորմանը, այդ առումով՝ ՏՏ գործիքների կիրառմանը: «Արմենպրեսը» տեղեկացնում է, որ ՏՏ ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը որոշ առաջարկություններ է հնչեցրել համացանցային (ինտերնետային) ռեսուրսի առավել արդյունավետ կիրառման համար:
Մասնավորապես՝ համացանցում Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայությունը գնահատելու համար անհրաժեշտ է ունենալ չափման միավորներ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ և արդյունավետ աշխատել այդ միջավայրում:
Չափման նման միավորներ կարող են հանդիսանալ կայքերի հասանելիությունը, արագությունը, բովանդակությունը և այլն: Հ. Ավոյանի խոսքով՝ եթե կայքը դժվարությամբ և դանդաղ է բացվում, ապա այցելուները և գործարքները նվազում են:
Տառասխալները նույնպես կարող են բացասաբար ազդել այցելուների թվաքանակի վրա: Մեկ այլ խնդիր կարելի է համարել կայքի հասանելիությունը, քանի որ տեղադրումից հետո այն կարող է նորմալ չգործել:
«Բավականին վատ է հայկական կայքերի հասանելիությունը տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից: Դրանց մեծ մասը շատ դանդաղ է բացվում՝ 0.05 վրկ, 0.5 վրկ, 1 վրկ և այլն: Մարդիկ սովոր են արագության և եթե տեսնում են, որ կայքը դանդաղ է աշխատում, ապա մտածում են, որ այն լավ վարկանիշ չունի, և ինչ-որ բան կասկածելի է»,- ասել է ՏՏ մասնագետը:
Հ. Ավոյանը նշել է նաև, որ Հայաստանում համացանցային ռեսուրսը գրեթե չի օգտագործվում, և մեր երկիրը լավ չի ներկայացված ինտերնետում: Նրա համոզմամբ՝ ներկայում մրցակցությունը գլոբալ է, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ այսօր միմյանց հետ մրցակցում են ոչ թե հայ տուրօպերատորները, այլ վերջիններս ամբողջ աշխարհի տուրօպերատորների հետ:
ՏՏ ձեռնարկությունների միության նախագահը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանի տուրօպերատորները միավորվեն, ապա նրանց գործունեությունն ավելի արդյունավետ կլինի:
CAPS ծրագրի միջազգային խորհրդատու Մայք Դաքերը ևս նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար շատ կարևոր է ՏՏ ոլորտը, քանի որ այն օգնում է ավելի մրցունակ դառնալ բիզնեսում, միևնույն ժամանակ ավելի շատ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն է ընձեռում:
Նրա խոսքով՝ աշխարհին ներկայանալիս «Հայաստան» բառի հետ միասին առավել հաճախակի հանդիպող առանցքային բառերն են՝ հյուրանոցներ, եկեղեցիներ, տեսարժան վայրեր: Այս ամենը, ըստ նրա, պետք է այնպես դասակարգել, որ հանրապետությունն ավելի ներկայանալի լինի:
CAPS ծրագրի միջազգային խորհրդատու Ֆիլիպ Մունյեի խոսքով՝ ֆրանսիացի տուրօպերատորները Հայաստանը նախընտրում են ներկայացնել որպես ժամանակակից, այլ ոչ թե «սառեցված, անցյալին պատկանող միջավայր»:
Ըստ նրանց՝ Հայաստանը ֆրանսիացի զբոսաշրջիկի մոտ զուգորդվում է Շառլ Ազնավուրի, եկեղեցիների, Ցեղասպանության, երկրաշարժի հետ: Հայաստանն ընկալվում է որպես ստատիկ երկիր՝ կապված հին մշակույթի և անցյալի հետ: Ըստ Ֆ. Մունյեի՝ զբոսաշրջիկների մոտ պահանջ կա տեսնելու երիտասարդ, էներգիայով լի մարդկանց:
Համաժողովն անց է կացվել ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ոլորտի ասոցիացիաների համագործակցությամբ: