Քաղաքապետարանը կարող է պարտատոմսեր թողարկել
Էկոնոմիկայի նախարարն այդպիսի հնարավորություն տեսնում է
Արմենակ Չատինյան
|
| Ներսես Երիցյան. «Այստեղ բիզնեսը պետք է պայքարի ոչ թե հոգնած տրակտորներով, կատոկներով, բահով գա տենդեր շահի, այլ հակառակը, ստիպի, որ ստանդարտները բարձր սահմանվեն, իսկ ինքը գնա լիզինգով տեխնոլոգիաներ բերի»: |
Հայաստանում տնտեսական ճգնաժամի առաջացման հարցում տնտեսավարողներն ունեն մեղքի իրենց մասնաբաժինը, հետևաբար՝ ճգնաժամից դուրս գալը նույնպես նրանցից է կախված։ Ճգնաժամից Հայաստանը կարող է տուժած դուրս գալ, եթե տնտեսավարողները ավելի նախաձեռնող չլինեն:
Սա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի տեսակետն է, որը նա երեկ արտահայտեց ArmeniaExpo 2009 ցուցահանդեսի ժամանակ գործարարների հետ կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:
Նախարարը շատ կոնկրետ ու անկեղծ խնդիրներ առաջադրեց գործարարներին: Պատճառը թերևս այն էր, որ ցուցահանդեսը լուսաբանող լրագրողներն արդեն շտապել էին ստուդիաներ ու խմբագրություններ՝ իրենց նյութերը պատրաստելու:
Պրն Երիցյանը, օրինակ, հայտարարեց, որ խորհրդային ժամանակահատվածից ժառանգություն մնացած լիմոնադի գործարանի կոսմետիկ վերանորոգումը նախաձեռնություն չէ, քանի որ դրանով հնարավոր չէ լուրջ միջոցներ ներգրավել։
«Կառավարության միջոցները սահմանափակ են։ Մենք հազիվ հարկ ենք հավաքում, սոցիալական ծախսեր կատարում։ Միջոցները պետք է ներգրավել արտաքին աղբյուրներից»,- գործարարներին հորդորեց Երիցյանը՝ ասելով, որ արտադրողները պետք է տեղյակ լինեն բարձր արտադրողականություն ապահովող տեխնոլոգիաներից:
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը որոշել է շուրջ $100 մլն հատկացնել մեր երկրի բիզնեսների համար, սակայն 7-8 ամսվա ընթացքում «այդ գումարներից ոչ մի կոպեկ չի ծախսվել», քանի որ բիզնեսը նախաձեռնություններով հանդես չի գալիս:
Ըստ նախարարի՝ Հայաստանը միջազգային կառույցներից կարող է անսահմանափակ միջոցներ ներգրավել, եթե բիզնեսը ներկայացնի լուրջ ծրագրեր։ Նա գործարարներին տեղեկացրեց, որ միջոցների տրամադրման ժամանակ առաջնային պայմանը նրանց կլանման հնարավորությունն է: Այդ պահանջը, մասնավորապես, առաջ է քաշել Ասիական զարգացման բանկը։
«Այստեղ բիզնեսը պետք է պայքարի ոչ թե հոգնած տրակտորներով, կատոկներով, բահով գա տենդեր շահի, այլ հակառակը, ստիպի, որ ստանդարտները բարձր սահմանվեն, իսկ ինքը գնա լիզինգով տեխնոլոգիաներ բերի»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ կառավարությունում գաղափար կա, որ ենթակառուցվածքների հարցում հնարավոր է ներդնել ֆինանսական նոր գործիքակազմ։
«Մտածել ենք, որ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հարցում քաղաքապետարանը կարող է իրականացնել իր տնօրինությամբ ենթակառուցվածքի դիզայնը, և յուրաքանչյուր ցանկացող վճարման սկզբունքով կկարողանա օգտվել դրանից։ Այդ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք քաղաքապետարանը կարող է ներգրավել՝ թողարկելով պարտատոմսեր»,- նշեց Երիցյանը:
Նրա կարծիքով՝ այդ ենթակառուցվածքների զարգացման համար կարելի է ստեղծել հիմնադրամներ՝ պետության ակտիվների մասնակցությամբ, և միջոցներ ներգրավել՝ բաժնետոմսերի թողարկման միջոցով։
Արտաքին շուկայում ոչ թե մրցակցել, այլ համագործակցել Հայաստանի արտահանման ծավալների ավելացման հարցում, Երիցյանի կարծիքով, անելիքներ ունեն ասոցիացիաները։
Աշխարհում առկա են բազմաթիվ միջազգային ասոցիացիաներ, որոնք տրամադրում են արտահանման երաշխիքներ: Եթե հայկական միությունները դառնան այդ ասոցիացիաների անդամ՝ վճարելով անդամավճարներ, ապա կարող են օգտվել այդ գործիքներից։ Թողարկվող երաշխիքներով հայ արտահանողները կարող են մուտք գործել նոր շուկաներ, մինչդեռ մինչ այժմ այդ գործիքակազմի մասին Հայաստանում նույնիսկ պատկերացումներ չկան։
«Եթե մենք չլուծենք արտահանման խնդիրը, ունենալու ենք մեծ պրոբլեմ։ Ճգնաժամը ցույց տվեց, որ արտահանումը խթանող երկրներն ավելի քիչ տուժեցին, քան այն երկրները, որոնք ունեին մեծ ներկրում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ արտահանման խնդիրը հնարավոր չի լինի լուծել այնքան ժամանակ, քանի դեռ չկա ագրեսիվ, նախաձեռնող գործարարների բանակ։
Մյուս ճանապարհը, ըստ նրա, որով հնարավոր է լուծել արտահանման խնդիրը, օտար ներդրումներն են, որոնց հետ, սակայն, նախարարը մեծ հույսեր չի կապում:
Արտահանման մասով Էկոնոմիկայի նախարարին պաշտպանեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը: Ըստ նրա՝ բիզնեսի զարգացման ապագան արտահանումն է։
«Եթե տեղական արտադրողների միջև չձևավորվի կոոպերացիա, և նրանք միասնական ուժերով արտաքին շուկաներում չներկայացնեն հայկական բրենդը, արտահանման հարցում ոչ մի հաջողություն չի լինի»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ մեկ ապրանքատեսակով կամ ընկերության բրենդով արտաքին շուկայում հնարավոր չէ լուրջ պահանջարկ բավարարել։
«Ներքին շուկայում թող լինի մրցակցություն, բայց արտաքին շուկաներ պետք է դուրս գալ միասնական ճակատով»,- ասաց նա։
ՀԱԳՄ նախագահն առաջարկում է արտահանման խթանման համար միասնական ուժերով ստեղծել միջնորդ առևտրային կառույց, որը ստանա և բաշխի պատվերները: Հայ գործարարներն էլ, ըստ նրա, պետք է հրաժարվեն արտաքին շուկաներում միմյանց հետ մրցակցելու հավակնություններից։
Գարո - 4 Սեպտեմբեր 2009թ.
Իսկ նույն պրն Երիցյանը կարղ է բացատրել պրն Արամ Սիմոնյանին կամ միգուցե համոզել, որ համալսարանում ավելի շահավետ կլիներ «ձեռքի հետ» զբաղվել նաև գրքի բիզնեսով, այն նույնպես շահութաբեր է, երբեմն չի զիջում շինարարությանը։ Եթե Ա. Սիմոնյանին կարողացավ համոզել, ապա քաղաքապետարանում ինչ որ մի բան կստացվի, եթե ոչ, ապա անհույս է։
Հրավարդ - 5 Սեպտեմբեր 2009թ.
Nerses Ericyany togh ira hantzhargeh mtqery IPO ani New Yorki fondayin borsayum, karogha aveli ogtakar lini.