Կիևն ընդամենը սպասարկե՞լ է
Թե՞ ուկրաինացիները մասնակցել են վրաց-հարավօսական պատերազմին
Պատրաստեց Սասուն Խաչատրյանը
|
| Ուկրաինայի բանակի քաղաքացիական մասնագետների օգնությամբ վրացիները հարվածել են ռուսական ինքնաթիռներին։ |
Ուկրաինայի Գլխավոր դատախազության (ՈւԳԴ) եզրակացությամբ՝ անցած տարվա վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ ուկրաինացի մասնագետները վրացական բանակին ուկրաինական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր են մատակարարել։ Այդ մասին գրում է ուկրաինական «Սեգոդնյա» օրաթերթը:
«Ստուգման արդյունքում ՈՒԳԴ-ն մի շարք կոպիտ խախտումներ է հայտնաբերել, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Գերագույն ռադայի հետախուզության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վալերի Կոնովալյուկը»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում թերթը։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան ոչ միայն Վրաստանին մի քանի անգամ էժան գնով «Բուկ-Մ1» տեսակի զենիթահրթիռային համալիրներ է մատակարարել, այլև Խարկովի երկրամասի Բալակլեյա քաղաքից այնտեղ է ուղարկել քաղաքացիական մասնագետների, որոնք սպասարկել են այդ համալիրները: Հենց այդ համակարգերի օգնությամբ էլ, ըստ աղբյուրի, վրացիները պաշտպանվել են ռուսական ինքնաթիռներից։
«Ուկրաինայի քաղաքացիներ Վալերի Կաբանեցը, Դմիտրի Պիլիպչուկը, Վլադիմիր Պոնոմարենկոն և Հարավային Օսիայի հետ ռազմական հակամարտության ժամանակ Վրաստանի տարածքում եղած մյուս մասնագետները բացատրագրեր են ներկայացրել իրենց գործունեության մասին: Նրանք հերքում են իրենց մասնակցությունը ռազմական գործողություններին, սակայն չեն ժխտում, որ սպասարկել են տեխնիկան»,- նշել է աղբյուրը։
Իրականության հետ դրա համապատասխանելիությունը հնարավոր է ճշտել միայն դեպքերի վայր մեկնելով, իսկ հիմա դրան խանգարող լուրջ խոչընդոտներ կան։
«Խումբը հայտնաբերել է, որ զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև այլ սպառազինություններ և ռազմական տեխնիկան Վրաստանին վաճառվել են իրականից ութ և ավելի անգամ ցածր գնով, և այժմ իր աշխատանքում հանդիպում է լուրջ խոչընդոտների»,- ընդգծել է աղբյուրը։
ՈՒԳԴ-ում նշել են, որ խոսքը վերաբերում է Վրաստանում ռազմական գործողություններին ուկրաինացիների մասնակցության առնչությամբ քրեական տասը գործին: Գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հաստատել է ստուգման փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել։
Նշենք, որ նախկինում ուկրաինական կողմը հերքում էր օգոստոսյան իրադարձություններին ուկրաինացի զինվորականների և բանակի քաղաքացիական մասնագետների հնարավոր մասնակցության մասին Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները: