Կառավարությունը խթանում է և՛ առաջարկը, և՛ պահանջարկը
Ինչպես նաև մարում է հրդեհը շինարարության ոլորտում
Արմենակ Չատինյան
|
| ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական անկման ցուցանիշը ներկայիս 18,5%-ից ցածր կլինի։ |
Հայաստանի կառավարությունը բավական ակտիվ հակաճգնաժամային քաղաքականություն է վարում՝ կիրառելով այն գործիքակազմը, որն օգտագործում են աշխարհի այլ երկրներ ևս:
Հակաճգնաժամային գործիքակազմի ընտրությունն այնքան լայն է, որ ոչ մի նոր բան հորինելու կարիք չկա: Այլ երկրների կառավարությունները ճգնաժամի դեմ պայքարում իրականացնում են ընդլայնողական քաղաքականություն, կիրառում են դրամային գործիքակազմ, համակարգաստեղծ ընկերություններին օժանդակում, հարկային վարչարարության մեղմացում։ Հայաստանի կառավարությունը նախընտրել է այս ուղղությունները և հուսով է, որ արդյունքները տեսանելի կլինեն այս տարվա վերջին ու 2010թ. սկզբին։
Երեկ մամլո ասուլիսի ընթացքում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների լագը կազմում է 3-6 ամիս։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին տնտեսական անկման ցուցանիշը ներկայիս 18,5%-ից ցածր կլինի։
Դա տեղի կունենա ի շնորհիվ ինչպես հակաճգնաժամային միջոցառումների, այնպես էլ ՀՆԱ բազային տվյալների նվազման (2008թ. չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպերը դանդաղել են)։ Ըստ Արամյանի՝ բազայի նվազման էֆեկտը կլինի 2,5%, իսկ մնացածը՝ համաճգնաժամային միջոցառումների արդյունք։
Բացի այդ՝ կառավարության կողմից ներարկված ֆինանսական միջոցները մուլտիպլիկատիվ էֆեկտ են թողնելու նաև գալիք տարվա ընթացքում։
Սակայն ֆինանսների փոխնախարարի հաշվարկներն այնքան էլ համոզիչ չեն թվում: Եթե հաշվի առնենք, որ կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է տնտեսական անկում 10-15%-ի միջակայքում, ապա ստացվում է, որ հակաճգնաժամային միջոցների ազդեցությունը տնտեսական անկման մեղմման հարցում չնչին է, իսկ անկման ավելի փոքր ցուցանիշները հիմնականում բազայի կրճատման արդյունք կլինեն։
Արամյանի խոսքով՝ այս տարվա համար Կենտրոնական բանկը կանխատեսում է գնաճ 3-4,5% միջակայքում։ Տնտեսական անկման պայմաններում նվազում է բնակչության գնողունակությունը, ինչն անդրադառնում է ապրանքների գների վրա։ Սակայն գնաճային ճնշումներ հնարավոր են առաջարկի (կարգավորվող գների) մասով։
Արամյանը նշեց, որ արտասահմանյան մասնագետները դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս խորհուրդ են տալիս երբեք չպայքարել առաջարկի գնաճի դեմ, քանի որ առաջարկի սեղմումը խնդիրներ կառաջացնի տնտեսության այլ հատվածներում։
Փոխնախարարը կարծում է, որ կառավարության գործողություններն ուղղված են ոչ միայն առաջարկի, այլև պահանջարկի ընդլայնմանը: Նա անընդունելի համարեց այն քննադատությունները, ըստ որի՝ կառավարությունը խթանում է միայն առաջարկը։
Մասնավորապես, տնտեսական անկման պայմաններում կառավարությունը պահպանեց բյուջեի ծախսերի չափը, թեև պակասուրդը կարող է կազմել ՀՆԱ-ի 7-7,5%-ը՝ կանխատեսված 1%-ի փոխարեն։ Նա նշեց, որ եթե 2004-2008 թթ. բյուջետային ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 20-22%, ապա այս տարի այդ ցուցանիշը կկազմի 28%։ Ծախսերի ավելացումն Արամյանը համարում է առաջարկի խթանում։
Մեկ այլ գործիքակազմով՝ հիպոթեկային հիմնադրամի միջոցով, իրականացվում է վարկավորման խթանում: Կառավարությունն այդ նպատակով հատկացրել է Դ12 մլրդ։
Արամյանն առաջարկում է կառավարության միջոցառումները տարանջատել կարճաժամկետների և երկարաժամկետների։
Կարճաժամկետ հատվածում շինարարությունում առաջարկի ընդլայնումը, փոխնախարարի կարծիքով, անհրաժեշտ է։ «Երբ բռնկվում է հրդեհ, առաջնային խնդիրը կրակը մարելն է, այլ ոչ թե սպասել, թե երբ տնակն ամբողջովին կվառվի։ Այդ դեպքում ավելի շատ միջոցներ կպահանջվեն դրա կառուցման համար։ Կապիտալ շինարարությունը տնտեսությունում եղել է առաջնորդող ճյուղ, հիմա այնտեղ հրդեհ է, դրա պատճառով էլ պետք է մարել կրակը, որպեսզի այն չտարածվի»,- նշեց փոխնախարարը։