Բավական արագ մենք կդառնանք երկրորդ օպերատորը
«Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահը չի կասկածում հայաստանյան ծրագրերի հաջողությանը
|
| «Ամենակարևորն այն չէ՝ կլինենք առաջի՞նը, թե՞ երկրորդը. կարևորն այն է, որ «Օրանժը» դառնա ամենասիրված բրենդը»,- ասում է «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին: |
Հայաստանի երրորդ բջջային օպերատորը, ըստ ամենայնի, շատ շուտով իր ծառայությունները կներկայացնի շուկային: Սեպտեմբերի 17-ից 19-ը «Օրանժ Արմենիան» կազմակերպել էր հայկական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Փարիզ՝ «Ֆրանս Տելեկոմի» (գլոբալ ապրանքանիշը՝ «Օրանժ») կենտրոնակայան, որտեղ ընկերության մի շարք առանցքային պաշտոնյաներ հայ լրագրողներին ներկայացրին ընկերության տեխնոլոգիաներն ու նորարարությունները և Հայաստանում իրենց առաջիկա ծրագրերը:
Թեև որևէ ժամկետ չնշվեց, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու «Օրանժի» մուտքը, սակայն քննարկումների ընդհանուր տրամաբանությունը հուշում էր, որ «Օրանժն» ըստ էության արդեն տեխնիկապես պատրաստ է ծառայություններ մատուցել, պարզապես որոշակի PR միջոցառումներ են անհրաժեշտ նախքան մեկնարկը:
Նշենք, որ Հայաստանը 32-րդ երկիրն է, որտեղ «Ֆրանս Տելեկոմը» գործունեություն է ծավալում:
Ուշագրավ է, որ հանդիպումների ընթացքում «Ֆրանս Տելեկոմի» պաշտոնյաներն առավել շատ ընդգծում էին իրենց նորարար լուծումները: Այսպես, աշխարհի ինը երկրում գտնվող լաբորատորիաներում աշխատում է ընկերության ավելի քան 5 հազ. ինժեներ: Բացի սեփական մշակումներից՝ «Ֆրանս Տելեկոմը» տարեկան գնում է 500 պատենտ այլ կազմակերպություններից և անհատներից:
Հավանաբար հայկական շուկա մտնելիս «Օրանժը» գործող երկու օպերատորին հիմնական մարտահրավերը նետելու է հենց նոր տեխնոլոգիաների ու նորարար լուծումների ոլորտում: Համենայն դեպս, երկօրյա քննարկումների ու պրեզենտացիաների ընթացքում ֆրանսիացիներն առանձնահատուկ ուշադրություն էին հրավիրում հենց այս ոլորտի վրա:
Լրագրողների գլխավոր հանդիպումը տեղի ունեցավ «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտիի հետ: Նա նույնպես պնդում է, որ Հայաստանում իրենք առանձնանալու են նորարարությամբ: Պրն Սուանտիի՝ լրագրողների հետ հարցուպատասխանը ներկայացված է ստորև:
- Որքա՞ն և ի՞նչ ժամանակահատվածում է «Ֆրանս Տելեկոմը» ներդրումներ անելու Հայաստանում:
- Մի քիչ դժվար է այժմ կոնկրետ ասել՝ ինչպե՞ս և ի՞նչ ժամանակահատվածում կբաշխվեն մեր ներդրումները: Պարզ է, սակայն, որ ներդրումների մեծ մասը կատարվելու է ավելի վաղ՝ ցանցի կառուցում և դիստրիբուցիոն համակարգի ստեղծում, կոնկրետ պրոդուկտների և ծառայությունների մշակում և այլն: Դրանից հետո մենք կորոշենք՝ ինչպես ենք զարգացնելու մեր բիզնեսը: Ներդրումները հիմնականում կկատարվեն այս տարի և կշարունակվեն 2010-2011 թթ:
- Ներդրումների մասով «Ֆրանս Տելեկոմը» Հայաստանի կառավարության առջև պարտավորությո՞ւն է վերցրել, թե՞ պարզապես խոստում է տվել:
- €51.5 մլն գումարը, որ նշված է արտոնագրում, իհարկե, հստակ պարտավորություն է, որը մենք արդեն կատարել ենք: Սակայն բացի արտոնագրային պարտավորությունից՝ մենք պետք է անենք այլ ներդրումներ, որպեսզի շուկայում կարողանանք հաջողակ լինել: Մենք դա տեսնում ենք որպես պարտավորություն: Մենք կանենք այնքան ներդրում, որքան անհրաժեշտ է մեր բրենդին վայել ծառայություններ ու պրոդուկտներ առաջարկելու համար:
Հայաստանում մեր ռազմավարությունը լինելու է այն, որ «Օրանժ» բրենդը լինի ամենասիրվածը հեռահաղորդակցության ոլորտում, որի համար բնականաբար պետք են որոշակի ներդրումներ: Կհամարեք դա պարտավորություն, թե անհրաժեշտություն, այլ հարց է. մեզ համար հույժ կարևոր է հաջողություն գրանցել հայկական շուկայում:
Մեր հանձնառություններից մեկի վկայությունն այն է, որ Հայաստանում այսօր արդեն 250 աշխատակից ունենք: Այսքան կարճ ժամանակում այդքան մեծ աշխատակազմ հավաքելն այնքան էլ հեշտ գործ չէ: Վերադառնալով ձեր հարցին՝ պարտավորությո՞ւն, թե՞ խոստում. կարծում եմ՝ հստակ հանձնառություն, որն անհրաժեշտ է հաջողակ լինելու համար:
- Հայաստանի բջջային շուկայում ի՞նչ տեղ է զբաղեցնելու «Օրանժ Արմենիան»:
- Չեմ կարող քողազերծել մեր բոլոր ծրագրերը: Մենք վստահ ենք, որ լայնաշերտ ինտերնետի ոլորտում կլինենք առաջատարը, իսկ, ընդհանրապես, բավական արագ մենք կդառնանք երկրորդ օպերատորը: Կարծում եմ, սակայն, որ ամենակարևորն այն չէ՝ կլինենք առաջի՞նը, թե՞ երկրորդը. կարևորն այն է, որ «Օրանժը» դառնա ամենասիրված բրենդը:
- Ճգնաժամը որևէ կերպ ազդել է ձեր հայաստանյան ծրագրերի վրա:
- Ոչ, չի ազդել: Աշխատանքի մեր միջազգային փորձն ապացուցել է, որ մենք կարողանում ենք հաջողակ լինել տնտեսական տարբեր իրավիճակներում գտնվող երկրներում: Դա է պատճառը նաև, որ մենք բավական լավ ֆինանսական ցուցանիշներ ենք արձանագրել այս տարվա վեց ամսվա կտրվածքով:
Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ մենք ավելի շատ արժեք ենք ստեղծում, քան շուկաներում գործող շատ ընկերություններ. դա վերաբերում է նորարար լուծումներին, ծածկույթին, ծառայություններին և շատ այլ բաների: Այս ամենը մեզ օգնում է հաջողակ լինել նույնիսկ այն երկրներում, որոնք տնտեսական լուրջ դժվարություններ ունեն:
Ավելին՝ մենք համոզված ենք, որ մեր տեխնոլոգիաներն ու ծառայությունները կարող են օգնել կոնկրետ երկրների ունենալ որոշակի տնտեսական առաջընթաց:
- «Օրանժը» պատրաստվում է լայնաշերտ ինտերնետի շուկայում լինել առաջինը: Դուք ինտերնետը գնելու եք ա՞յլ պրովայդերներից, թե՞ անցկացնելու եք սեփական մալուխը:
- Տարբեր տարբերակներ ենք քննարկում: Հայաստանում դա բարդ խնդիր է: Շատ հավանական է, որ սկզբում մենք գնենք մեր գործընկերներից:
- Որպես ինտերնետի մատակարար՝ հնարավոր համարո՞ւմ եք մրցակից «ԱրմենՏելի» հետ ձեր գործակցությունը:
- Մենք որևէ տարբերակ չենք բացառում: Այս պահին չեմ կարող խոսել բանակցային դետալների մասին: Կարող եմ ասել միայն, որ մենք արդեն ստորագրել ենք կոնկրետ համաձայնագրեր: Այսօր չեմ քողազերծի դրանք, սակայն կարող եմ վստահ ասել, որ մենք ինտերնետ ծառայություններ մատուցելու ենք անմիջապես շուկա մտնելուն պես:
- Գնային ի՞նչ քաղաքականություն եք վարելու հայկական շուկայում: Լինելո՞ւ է արդյոք դեմպինգ:
- Մեր ռազմավարությամբ ենթադրվում է հարգանք մեր մրցակիցների նկատմամբ: «Օրանժն» այդ հարցը տեսնում է «գին, որակ» հարթությունում, ոչ թե առանձին՝ «գին» կամ առանձին «որակ»: Այնպես որ, մենք ցանկանում ենք մեր հաճախորդների համար արժեք ստեղծել: Չեմ ակնկալում, որ շուկայում կսկսվի դեմպինգային քաղաքականություն: Մեր կողմից կարող եմ հաստատ ասել, որ մենք դա չենք սկսի:
Ինչպես շատ երկրներում, Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ երեք բջջային խաղորդ: Որոշ երկրներում նույնիսկ չորս խաղորդ կա: Հիմնականում երեք խաղորդ ունեցող շուկաներում առողջ և ուժեղ մրցակցություն կա: Ընդ որում՝ փորձ կա, երբ նոր ընկերությունը խաղի մեջ է մտնում, երբ արդեն շուկայում կա 100-տոկոսանոց թափանցելիություն, իսկ Հայաստանում բջջային շուկայի թափանցելիությունը կազմում է 70-75%:
Իմ ակնկալիքն այն է, որ մենք ունենալու ենք բավական լուրջ մրցակիցներ և լավ մրցակցելու ենք, իսկ մրցակցությունը բխում է Հայաստանի և հայ սպառողի շահերից: Հայաստանում մեր քաղաքականությունը հետևյալն է լինելու.
1. ունենալու ենք շատ լավ ցանց և ծածկույթ,
2. սերտ համագործակցելու ենք սարքեր արտադրող ընկերությունների հետ, ինչը մեզ հնարավորություն կտա շուկային ներկայացնել անհրաժեշտ սարքերը,
3. սահմանելու ենք ճիշտ սակագներ և ծառայություններ շուկայի կոնկրետ սեգմենտների համար,
4. տրամադրելու ենք տեղեկատվություն և կոնտենտ, որը հաճելի է դարձնելու բջջային ինտերնետից օգտվելը:
Կարեն Հարությունյան, Փարիզ-Երևան