«Մեր վիճակն արդեն վատ չի»
Ֆինանսների նախարարի կարծիքով՝ տնտեսության իրական հատվածը դուրս է գալիս անորոշությունից
Սամվել Ավագյան
|
| Առաջիկա ամիսներին ՀՆԱ-ի աճի տեմպը կարագանա: Դրան, ըստ ֆինանսների նախարարի, կնպաստի այն հանգամանքը, որ նախորդ տարի, սկսած հոկտեմբերից, տեղի է ունեցել ՀՆԱ-ի բազայի փոքրացում: |
«Մեր վիճակն արդեն վատ չի»,- այսպես սկսեց իր երեկվա ասուլիսը ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Այդ լավատեսության հիմքը սեպտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշներն են և բյուջեի կատարողականը (ներառյալ հոկտեմբերի տվյալները): Մասնավորապես, հոկտեմբերի օպերատիվ տվյալները վկայում են, որ բյուջեի եկամուտների հավաքագրման առումով փոքր-ինչ առաջընթաց կա նախորդ ամիսների համեմատ:
Առավել կարևոր է այն հանգամանքը, որ, ըստ ֆինանսների նախարարի, իրավիճակը դարձել է կանխատեսելի՝ թե՛ հարկերի հավաքագրման, թե՛ տնտեսական դինամիկայի, թե՛ բյուջեի կատարողականի առումով:
Սա թույլ է տալիս ֆինանսների նախարարին հայտարարել, որ «խորհրդարանին ներկայացված 2010թ. բյուջեի նախագիծը իրատեսական է և ունի լուրջ հիմքեր»: Թե ինչպես կվերաբերվեն այս հայտարարությանը պատգամավորները, ցույց կտան ուրբաթ օրը ԱԺ-ում սկսվող բյուջետային քննարկումները:
Բոլոր դեպքերում, ֆինանսների նախարարը համոզված է, որ տնտեսության իրական հատվածը դուրս է գալիս անորոշությունից և բացասական սպասումներից: Արդյունքում՝ կառավարությունը մասամբ սառեցրել է օպերատիվ շտաբի կողմից մասնավոր հատվածի ընկերություններին տրամադրվող բյուջետային օգնությունը՝ սուբսիդիա, երաշխիք, բյուջետային վարկ:
Տիգրան Դավթյանը սա բացատրում է նրանով, որ կառավարությունը ֆինանսական օգնության որոշումը ընդունել էր կարճաժամկետ կտրվածքով՝ փոխհատուցելու բանկերի պասիվությունը, իսկ ներկայում բանկերն ակտիվացրել են վարկային քաղաքականությունը, տարբեր խողովակներով սկսել են աշխատել տնտեսության վարկավորման պետական ծրագրերը (ռուսական վարկի միջոցներ, գերմանա-հայկական հիմնադրամ, ՓՄՁ հիմնադրամ և այլն):
Կառավարությունը ներկայում հակված է քննարկել միայն համակարգաստեղծ ձեռնարկությունների կողմից օգնության հայտերը, այն էլ՝ բացառության կարգով:
Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ՝ ռուսական վարկի միջոցների օգտագործման վերաբերյալ կառավարությունն արդեն ընդունել է Դ160 մլրդ-ի որոշումներ, որից Դ65 մլրդ-ն արդեն տեղաբաշխվել է, մինչև տարեվերջ սպասվում է Դ80 մլրդ-ի օգտագործում:
Տ. Դավթյանը չի բացառում, որ 2010թ. բյուջեի հիմքում դրված 1.2% տնտեսական աճը գերազանցվի, եթե, իհարկե գործընթացները գնան օպտիմալ տարբերակով: Իսկ այս տարվա վերաբերյալ նախարարն այն կարծիքին է, որ տնտեսական անկման կրիտիկական սահմանն արդեն անցել ենք:
Հուլիսի դրությամբ Հայաստանն ունեցել է անկման ամենաբարձր տեմպը (18.5%), սակայն օգոստոս սեպտեմբերին իրավիճակը կայունացել է, ՀՆԱ-ի անկումը յուրաքանչյուր ամիս նվազել է 0.1%-ով: Առաջիկա ամիսներին ՀՆԱ-ի աճի տեմպը կարագանա: Դրան, ըստ ֆինանսների նախարարի, կնպաստի այն հանգամանքը, որ նախորդ տարի, սկսած հոկտեմբերից, տեղի է ունեցել ՀՆԱ-ի բազայի փոքրացում: