Ինչպե՞ս է ազդել ճգնաժամը
Խոշոր հարկատուների հրապարակված ցանկերը լիարժեք պատկերացում չեն տալիս
Սամվել Ավագյան
|
| Սակայն ճգնաժամն ստիպում է որոշ ճշգրտում մտցնել «խոշոր հարկատու» հասկացության մեջ: |
Ընդհանուր առմամբ՝ խոշոր հարկատուները վճարում են պետական բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասը. 325 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում բյուջե վճարած հարկերի մոտ 85%-ը:
Սակայն ճգնաժամն ստիպում է որոշ ճշգրտում մտցնել «խոշոր հարկատու» հասկացության մեջ: Եթե 2008թ. 9 ամսվա տվյալներով Դ1մլրդ-ից ավելի հարկ էր վճարել 60 ընկերություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 46-ը: Եթե 2008թ. խոշոր հարկատուների առաջին տասնյակը վճարել էր Դ93.7 մլրդ, ապա այս տարի՝ Դ75.1 մլրդ:
Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում անմիջապես աչքի է զարնում առևտրային բանկերի մեծ տեսակարար կշիռը: Բավական է ասել, որ 22 բանկերից 18-ը տեղ են զբաղեցրել 300 խոշոր հարկատուների շարքում:
Մասամբ դա բացատրվում է շահութահարկի վճարման հետևյալ մեխանիզմով՝ առևտրային կառույցները տարվա առաջին կիսամյակի ընթացքում (մինչև ապրիլի 30-ը) շարունակում են վճարումներ կատարել նախորդ տարվա շահույթների դիմաց: Իսկ քանի որ 2008թ. բանկերի համար արդյունավետ տարի էր, նրանց շահութահարկի զգալի մասը վճարվել է 2009թ. ընթացքում:
Սակայն օրերս Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հայկական բանկերը շարունակել են պարտաճանաչ հարկեր վճարել նաև երրորդ եռամսյակում, չնայած նրանց մեծ մասը գործում է փաստացի վնասների դաշտում:
Բանկերի «հարկային» ակտիվության հաջորդ պատճառը շահութահարկի կանխավճարային մուծումներն են, որոնց համար ևս հիմք է ծառայում նախորդ տարվա շահույթի չափը: Տվյալ պարագայում դրանք առաջանցիկ վճարումներ են, որոնք տարեվերջին կարող են գերավճարի վերածվել:
Ավելին, կարող է ստեղծվել մի պարադոքսալ իրավիճակ, երբ տվյալ կազմակերպության վճարած շահութահարկը գերազանցում է տվյալ տարվա ստացած շահույթի չափը: Սա վերաբերում է ոչ միայն բանկերին, այլև բոլոր այն կազմակերպություններին, որոնց համար շահութահարկը «հիմնական» հարկատեսակ է:
Հայաստանում հարկերի վճարման մեխանիզմն այնպիսին է, որ կարող է լրիվ աղավաղված պատկերացում տալ տվյալ ընկերության ընթացիկ գործունեության արդյունքների վերաբերյալ: Պատճառը կանխավճարային համակարգն է, որն ընկերություններին ստիպում է հարկեր վճարել մինչև փաստացի օգուտների ստացումը:
Այդ մեխանիզմն առավել ցայտուն է գործում ներմուծումների դեպքում, երբ ավելացված արժեքի հարկի վճարումը նախորդում է իրացմանը: Սակայն մեխանիզմը նաև ապահովագրում է բյուջեն անկանխատեսելի ցնցումներից, ինչը Հայաստանի նման փոքր բյուջե ունեցող երկրների համար էական նշանակություն ունի:
Այսպիսով, խոշոր հարկատուների հրապարակված ցանկերը լիարժեք պատկերացում չեն տալիս այն մասին, թե ճգնաժամն ինչպես է ազդել ընկերության ընթացիկ գործունեության վրա:
Սակայն առկա տվյալները վկայում են, որ աստիճանաբար ֆինանսական ճգնաժամից դուրս է գալիս լեռնահանքային արդյունաբերությունը: Առաջին հերթին դա վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որը երրորդ եռամսյակում 1.5 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ երկու եռամսյակներում միասին վերցրած:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Քաջարանի կոմբինատը վճարել է Դ2.1 մլրդ և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Սակայն սա դեռևս շատ հեռու է այս հսկա կոմբինատի իրական հնարավորություններից:
Բավական է ասել, որ 2008թ. կոմբինատը վճարել էր Դ12.5 մլրդ կամ վեց անգամ ավելի: Բացի այդ՝ փոխվել է վճարված հարկերի կառուցվածքը. առաջին պլան է մղվել սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկը, ինչը վկայում է, որ կոմբինատի ֆինանսատնտեսական արդյունքների բարելավումն էական համարել չի կարելի:
Նշենք, որ միջազգային շուկայում պղնձի գինը հասել է իր նախաճգնաժամային մակարդակին (մոտ $6500 1 տոննայի դիմաց), սակայն մոլիբդենը «համառորեն» չի ցանկանում թանկանալ, իսկ ընկերության եկամուտների կեսից ավելին գոյանում է հենց մոլիբդենի խտանյութի վաճառքից:
Վերջին տվյալով՝ մոլիբդենի 1 տոննան արժե $25 հազ.՝ վերջին երկու շաբաթների ընթացքում դրսևորելով նվազման միտումներ և մոտ կրկնակի զիջելով նախաճգնաժամային մակարդակին:
Լավ չեն «գործերը» նաև մոլիբդենի վերամշակմամբ զբաղվող հայկական ընկերությունների մոտ, որոնք ավանդաբար բյուջեի խոշոր հարկատուներ են: «Մաքուր երկաթը», օրինակ, վճարել է Դ760 մլն՝ նախորդ տարվա Դ2.8 մլրդ-ի փոխարեն: «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» Դ196 մլն-ով 238-րդ տեղում է, այնինչ 2008թ. այս ընկերությունը վճարել էր Դ1.4 մլրդ և զբաղեցնում էր պատվավոր 35-րդ տեղը:
Շինարարական ընկերությունների վճարած հարկերի դինամիկան ավելի է համապատասխանում մակրոտնտեսական զարգացումների տրամաբանությանը:
Օրինակ՝ վիճակագրությունը ցույց է տալիս շինարարության ծավալների մոտ կրկնակի անկում, նույն վիճակն է նաև շինանյութերի խոշորագույն մատակարար «Միկմետալի» մոտ: Ընկերությունը չնայած պահպանել է խոշոր հարկատուի իր դիրքը՝ Դ1.1 մլրդ-ով զբաղեցնելով 36-րդ տեղը, սակայն նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազեցրել է հարկերի վճարումը:
Էապես նվազեցրել է հարկերի վճարումը նաև «Արարատցեմենտը»՝ Դ410 մլն, նախորդ տարվա 1.3 մլրդ-ի փոխարեն:
Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի ընկերության՝ մեկ այլ խոշոր գործարարի՝ Միխայիլ Բաղդասարովի ցեմենտի արտադրությունը գրանցել է առաջընթաց: «Միկացեմենտը» նախորդ տարի վճարել էր Դ360 մլն, իսկ այս տարի՝ Դ416 մլն, ինչը թույլ է տվել խոշոր հարկատուների ցանկում շրջանցել իր հիմնական մրցակցին և զբաղեցնել 107-րդ տեղը:
Այս համամասնությունը կարող է պայմանավորված լինել արտահանման ծավալների փոփոխմամբ. արտահանողներն ավելացված արժեքի հարկ չեն վճարում: Հատկանշական է, որ շինանյութերի արտադրության մյուս ընկերությունները, օրինակ, քարհանքերը, բացակայում են խոշոր հարկատուների ցանկից:
Ինչ վերաբերում է կառուցապատողներին, ապա ճգնաժամի ազդեցությունը նրանք տարբեր կերպ են զգացել: Այսպես, բիզնես-շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Ռենկո Արմեստեյտը» վճարել է Դ1.1 մլրդ և զբաղեցնում է 37-րդ տեղը: Նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր ավելի քիչ՝ Դ970 մլն և զբաղեցնում էր 62-րդ տեղը: Սակայն կառուցապատող մյուս խոշոր ընկերությունները, այնուամենայնիվ, զգացել են ճգնաժամի ազդեցությունը և նվազեցրել են հարկերի վճարումը:
Ավանդաբար, ալկոհոլային խմիչքներ արտադրող և ներմուծող ընկերությունները հանդիսանում են բյուջեի խոշոր դոնորներ: Սակայն 2009թ. այս ոլորտի ընկերությունների մեծ մասը շարունակել է հետընթացը:
Վերջին տարիներին այստեղ ընդգծված առաջատարը Երևանի կոնյակի գործարանն էր, սակայն ճգնաժամի արդյունքում ընկերության շահույթներն ու վճարած հարկերն էապես նվազել են: Նախորդ տարում այս ընկերությունը վճարել էր Դ1.8 մլրդ, այս տարի՝ Դ1.2 մլրդ: Ընդ որում՝ կոնյակի գործարանը հարկատուների ցանկում իրենից առաջ է թողել «Սովռանոյին», որը Դ1.5 մլրդ վճարած հարկերով հանդիսանում է ոլորտի առաջատարը:
Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ հայտնի «Նեմիրոֆֆի» հայաստանյան գործընկերը հարկերի վճարումն ավելացրել է 50%-ով, չնայած ստիպված էր որոշ չափով բարձրացնել գինը՝ ակցիզային հարկի բարձրացման պատճառով:
Նշենք, որ «Սովռանոն» առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև հրուշակեղենի որոշ տեսակների ներմուծման ոլորտում: Կարելի է նաև փաստել, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում Հայաստանի բնակիչները նախընտրել են ավելի թանկ, սակայն որակյալ և էլիտար սնունդը:
Չնայած մեկնարկային ավելի նպաստավոր պայմաններին, ալկոհոլային խմիչքների տեղական արտադրողներն առանձնապես չեն փայլել հարկերի վճարմամբ:
«Ավշարի գինու գործարանը», որը տեղական օղիների խոշորագույն արտադրողն է, հարկերի վճարումը պահպանել է նախորդ տարվա մակարդակին (մոտ Դ1 մլրդ):
Ամենամեծ անկումն այս ոլորտում տեղի է ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» գծով: Նախորդ տարիներին հանրապետության խոշորագույն հարկատուներից և արտահանողներից մեկն այս տարվա 9 ամսվա տվյալներով հարկատուների ցանկում ընդամենը 276-րդն է՝ վճարելով Դ174 մլն: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի ընկերությունը վճարել էր 5 անգամ ավելի հարկ և զբաղեցնում էր 67-րդ տեղը: