Չորրորդն ավելորդ է
Ռուսաստանը պետք է հանել BRIC-ի երկրների ցանկից
Կապիտալ
|
| Նավթի և գազի բարձր գների շնորհիվ ստացած խոշոր եկամուտների հետևում իրականում թաքնված են Ռուսաստանի տնտեսության թուլությունը։ |
Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին Ведомости-ում հրապարակված ծավալուն հոդվածում իր թերահավատությունն է արտահայտել զարգացող շուկաների առաջատար քառյակում Բրազիլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ Ռուսաստանին ևս ներառելու կապակցությամբ և փորձել է փաստերի ու համեմատությունների օգնությամբ հերքել նախաճգնաժամային առասպելներից մեկը:
Ճգնաժամերի ժամանակ սովորաբար առասպելներն ինքնաբերաբար հօդս են ցնդում: Այսօրվա ճգնաժամն այդ իմաստով թերևս ամենաարդյունավետն է. վերաարժևորվեցին բազմաթիվ երևույթներ, որոնք անհերքելի էին թվում վերելքի փուլում:
Մենք վերանայեցինք մեր հայացքները փակ շուկաների, ամերիկացի սպառողի հուսալի ու վստահելի լինելու, ֆինանսական ոլորտում պետական կարգավորման թուլացման գաղափարի արդյունավետության վերաբերյալ:
Սակայն նախաճգնաժամային գաղափարներից մեկը փրկվեց վերանայումից: Խոսքն այն համոզմունքի մասին է, որ ապագայում BRIC-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանն են դառնալու համաշխարհային տնտեսական տարածության ճարտարապետները:
Առաջին անգամ 2003թ. Goldman Sachs բանկի զեկույցում ձևակերպված այդ գաղափարն իրականում այնքան էլ վատ չէ, սակայն ճշմարիտ է դրա միայն 75%-ը, այսինքն՝ դա ճիշտ է քառյակի երեք երկրի համար: Այն ժամանակվա բազմաթիվ կանխատեսումների կողքին սա փայլուն արդյունք է:
Սակայն տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ քառյակի մասնակիցներից մեկն ինքնակոչ երկիր է:
Եթե համեմատենք BRIC երկրների տնտեսությունների գլխավոր վիճակագրական ցուցանիշները, ապա ակնհայտ կդառնա, որ երկրներից մեկը դուրս է մնում այդ շարքից: Նավթի և գազի բարձր գների շնորհիվ ստացած խոշոր եկամուտների հետևում իրականում թաքնված են Ռուսաստանի տնտեսության թուլությունը, վարկային փոխառությունների բեռի տակ կքած ռուսաստանյան բանկերն ու կորպորացիաները:
Պատկերն ամբողջացնում են հնացած ենթակառուցվածքները, անարդյունավետ և ռևանշիստական քաղաքականությունը, դեմոգրաֆիական խիստ բացասական միտումները:
Թեև վերջին վեց ամսում բորսայական ապրանքների գները որոշակիորեն վերականգնվել են, այդուամենայնիվ, Ռուսաստանի էներգետիկ հատվածը վերջին տարիներին կայուն անկում է ապրում, ինչը մասամբ պայմանավորված է իրենց սեփականությունը կորցնելու օտարերկրյա ներդրողների մտավախություններով:
Արագորեն սպառվում է «Ազգային բարեկեցության հիմնադրամը», որն անհրաժեշտ է աջակցելու երկրի տնտեսությանը, որն ավելի ու ավելի կենտրոնացած է դառնում: Եթե բացասական միտումները պահպանվեն, ապա Ռուսաստանի ֆինանսական պահուստներն արագորեն կսպառվեն:
Մինչ այդ գիտնականները, վերլուծաբանները, կրթված ներդրողները հորինում են նոր հապավումներ, որոնք ավելի դիպուկ կարտացոլեն զարգացող շուկաների այսօրվա վիճակը:
Առաջարկների մեջ են հետևյալ հապավումները. BRICET՝ վերոնշյալ չորս երկրները, Արևելյան Եվրոպան և Թուրքիան, BRICKET՝ բոլոր նշվածներն ու Հարավային Կորեան, և BRIMC՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Մեքսիկա և Չինաստան:
Բոլոր այս տարբերակներում Ռուսաստանը պահպանում է տեղը՝ չնայած տնտեսական վիճակագրությանը: Ռուսաստանը պահպանում է արդեն հնացած, բայց ամենախոշոր միջուկային զինանոցը, նաև մշտական տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, սակայն ավելի շատ բուժման կարիք ունի, քան կարող է առաջատարների խմբում տեղ զբաղեցնելու հավակնություններ ունենալ:
Տնտեսական ներուժի և հիմնարար ցուցանիշների տեսանկյունից՝ իրավիճակը շատ ավելի լավ է Հարավային Կորեայում, որն առաջադեմ տնտեսական տերություն է, սակայն մեկ հիպոթետիկ հիմնախնդիր ունի՝ հյուսիսային երկվորյակի կործանման և սոված ներգաղթյալների ներհոսքի վտանգը:
Թուրքիան իր կուռ բանկային հատվածով, ծաղկող ներքին շուկայով, Մերձավոր Արևելքում աճող նշանակությամբ, էներգետիկ քաղաքականությամբ, ՆԱՏՕ-ի անդամակցությամբ, Եվրամիության անդամ դառնալու հավակնություններով, Կենտրոնական Ասիայում էթնիկ եղբայրների հետ ունեցած կապերով նույնպես առաջատար տնտեսական տերություն դառնալու մեծ ներուժ ունի:
Սակայն առավել տպավորիչ է Ինդոնեզիայի օրինակը՝ ամենախոշոր իսլամական երկիրը, որը, չնայած համաշխարհային ճգնաժամին, դարձավ լավագույնն Ասիայում՝ իր արագ աճող միջին խավով, հարաբերականորեն կայուն ժողովրդավարական քաղաքականությամբ և տնտեսությամբ:
Ամերիկյան տեսանկյունից Ինդոնեզիան գրավիչ այլընտրանք է Ռուսաստանին, որը Վենեսուելայի հետ մրցակցում է Ամերիկայի անկման մասին ավելի բարձր բղավելու հարցում:
Ավելին՝ Ինդոնեզիան ամրություն դրսևորեց ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլև իբրև պետություն: Չնայած բնակչության էթնիկ բազմազանությանը և կղզիների ընդարձակ ու դժվար վերահսկելի տարածքին՝ երկիրը հաղթահարեց բռնապետությունից ազատվելու անցումային փուլը, դիմացավ 1997թ. ասիական ֆինանսական ճգնաժամի, 2004թ. ցունամիի, ծայրահեղական իսլամիզմի և ներքին անհնազանդության փորձություններին:
Թեև Ինդոնեզիայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը ցածր է, տնտեսական ներուժը մեծ հեռանկար է խոստանում:
Ինդոնեզիան քիչ է կախված ներմուծումից, իսկ փայտի, արմավենու յուղի և ածխի ռեսուրսները զգալի օտարերկրյա ներդրումներ են ներգրավում: Ջակարտայի կառավարությունը լուրջ միջոցառումներ է ձեռնարկում կոռուպցիայի կառուցվածքային հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Դեմոգրաֆիական միտումները ևս խոսում են Ինդոնեզիայի օգտին: Այս երկիրը 230 մլն բնակչությամբ չորրորդն է աշխարհում:
Սակայն կպչուն գաղափարները չեն թուլանում. Ռուսաստանը փորձեց ներդրումային գաղափարը դարձնել անդառնալի իրականություն: BRIC-ը համաշխարհային ինստիտուտի վերածելու գործընթացը տեղի ունեցավ չորս երկրների առաջին գագաթաժողովում, իհարկե, Ռուսաստանում և Ռուսաստանի նախաձեռնությամբ:
Այդ հավաքը հուժկու համազարկ տվեց ԱՄՆ-ի ուղղությամբ. խմբի բոլոր անդամներն առանձին-առանձին դժգոհություն հայտնեցին դոլարի՝ համաշխարհային պահուստային արժույթ լինելու առիթով:
Քառյակը նաև «Մեծ քսանյակի» գագաթաժողովից առաջ համատեղ հայտարարություն արեց համաշխարհային տնտեսական համակարգը փոխելու ցանկության մասին: Թե ինչքանով են այս հավակնություններն իրատեսական, ցույց կտա ապագան, սակայն Ռուսաստանի իմիտացիոն առաջատարությունն ակնհայտ է արդեն այսօր: