Համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական անցուդարձ. համառոտ
Կապիտալ
|
| Իսրայելի և Թուրքիայի միջև խաղաղության կողմնակիցներին մնում է սփոփվել նրանով, որ բևեռացումը դուր չի գալիս նաև շատ թուրքերի: |
Թուրքիան Իսրայելին սառը պատերազմ է հայտարարում
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, և Իսրայելը կանգնած է մուսուլմանական աշխարհում միակ իսկական գործընկերոջը՝ Թուրքիային կորցնելու սպառնալիքի առջև: Այս մասին գրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը: Պարբերականը հիշեցնում է, որ հոկտեմբերին Անկարան Իսրայելի բանակին թույլ չտվեց մասնակցել ՆԱՏՕ-ի օդային զորավարժություններին՝ պատճառաբանելով՝ իբր հայտնի չէ, թե արդյոք իսրայելական ռազմական ինքնաթիռները մասնակցել են Գազայի հատվածում 2008թ. Իսրայելի իրականացրած ռազմական գործողություններին:
Ընդամենը մի քանի օր անց թուրքական TRT1 պետական հեռուստաընկերությունն սկսեց հեռարձակել Ayrilik հեռուստասերիալը, որում ցուցադրվում էր, թե իսրայելցի զինվորներն ինչ սառնասրտությամբ են սպանում պաղեստինցիներին: Բանը հասավ նրան, որ Իսրայելի արտգործնախարարությունը նոտա ներկայացրեց Թուրքիայի դեսպանին: Պարբերականը հիշեցնում է, որ երկու երկրների հարաբերություններում սառնություն սկսեց նկատվել դեռ 2003թ., երբ Թուրքիայում իշխանության եկավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սակայն իրավիճակը է՛լ ավելի խորացավ Գազայի պատերազմից հետո:
«Նրանք դեռ կզղջան: Թուրքիան ավելի շատ է կորցնում, քան Իսրայելը»,- գրում է իսրայելական Haaretz թերթը՝ նշելով, որ ներկայում Իսրայելի պաշտպանության նախարարությունում մտածում են, թե արժե արդյոք թուրքերին սպառազինություն վաճառել: Պարբերականը նաև նշում է, որ երկու երկրների միջև խաղաղության կողմնակիցներին մնում է սփոփվել նրանով, որ բևեռացումը դուր չի գալիս նաև շատ թուրքերի. Ayrilik հեռուստատեսային դրամայի վարկանիշը աղետալիորեն ցածր է:
«Տղամարդկային քայլ»
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի գլխավորությամբ հաղթանակած կուսակցությունները կոալիցիա են ձևավորել և հրապարակել նոր կառավարության կազմը: Երեք շաբաթ տևած բանակցություններից հետո Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ), «Քրիստոնեա-սոցիալական միություն» (ՔՍՄ) և «Ազատ դեմոկրատական» կուսակցությունները լրագրողներին ներկայացրել են իրենց կառավարման առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը:
Կուսակցությունների նախընտրական հիմնական խոստումներից մեկը եղել է հարկերի կրճատումը: Նոր կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է գնալ հարկային բեռի թեթևացմանը: Բացի դրանից՝ կառավարությունը հավելյալ միջոցներ կհատկացնի սոցապահովության համակարգին: Անգելա Մերկելն ասել է, որ կուսակցությունների այս նախաձեռնությունը «տղամարդկային քայլ» էր: Նրա խոսքով՝ չորս տարի հետո կառավարությունը կգնահատի երկրի տնտեսական վիճակը և կորոշի, թե ինչ քայլեր են հարկավոր ձեռնարկել հետագայում:
Հաղթանակած կուսակցություններն արդեն բաշխել են նախարարական պորտֆելները: Կառավարության ղեկավարի և յոթ նախարարական պաշտոններ կզբաղեցնեն ՔԴՄ-ի ներկայացուցիչները: Նախարարական հինգ տեղ կհասնի «Ազատ դեմոկրատական» կուսակցությանը, երեք տեղ՝ ՔՍՄ-ին: Անգելա Մերկելը կշարունակի պաշտոնավարել նաև երկրորդ ժամկետը: Արտաքին քաղաքականությունը կղեկավարի Գիդո Վեստերվելլեն, որի նշանակումով հաստատվում է Գերմանիայում ընդունված տեսակետը, թե ՍԴԿ-ն արտգործնախարարների կուսակցություն է:
Թուրքերը գալիս են Բաքու՝ քննարկելու «Հայկական հարցը»
Այսօր Ադրբեջան կժամանի թուրք խորհրդարանականների պատվիրակությունը: Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ ակնկալվում է, որ Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն «Ադալեթ» և «Ինկիշաֆ» կառավարական կուսակցությունների, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներ:
Ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական աշխատանքային խմբի համանախագահ Նիզամի Ջաֆարովը գործակալությանն ասել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ թուրք խորհրդարանականների հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 28-ից: «Քննարկումների հիմնական թեման կլինի Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կանխումը: Խորհրդարանականները նաև կքննարկեն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների շուրջ ծագած սկանդալը»,- ասել է նա: