Սահմանի բացումը կխստացնի Հայաստանի օրենքները
Հատկապես հող ձեռք բերելու գործընթացը
ԱԶԱՏՈւԹՅՈւՆ.am
|
| Պնդումները, թե հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը իրականում հաստատում է Կարսի պայմանագիրը, Գ.Դանիելյանը անվանում է «իրավական անիրազեկության հետևանք»: |
Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո անպայման «կլինի օրենսդրական ակտերը վերանայելու անհրաժեշտություն», քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է սկսելու մի պետության հետ, որի օրենսդրությունը «էապես տարբերվում է» Հայաստանի օրենսդրությունից:
«Եվ այդ ներքին օրենսդրությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, ամփոփում ենք, հասկանում ենք, որ կամա թե ակամա երկրի անվտանգության հարցադրումների, ընդհանրապես քաղաքացիների իրավունքների, ազատությունների համաչափ պաշտպանության տեսանկյունից հարկ կլինի, այո, վերանայել օրենսդրությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է նախարարը:
«Մեկ օրինակ ընդամենը բերեմ, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց գործող օրենսդրությամբ օտարերկրացիների իրավունքները,- շարունակել է Դանիելյանը:- Ասեմ, որ Թուրքիայում գործում է փոխադարձության սկզբունքը, ըստ որի, իրենք յուրաքանչյուր պետության օտարերկրացու իրենց տարածքում տալիս են իրավունքների և ազատությունների ճիշտ այնքան շրջանակ, որքան տվյալ պետությունը Թուրքիայի քաղաքացու համար է նախատեսում: Իրենք այդպիսի պայմանագրեր արդեն կնքել են 112 պետության հետ: Մենք այս սկզբունքով առ այսօր չենք աշխատել, լավ կլինի, որպեսզի վերանայենք մեր դիրքորոշումը՝ կապված օտարերկրացիների իրավունքների հետ»։
Նախարարի հավաստմամբ՝ փոփոխություններ կլինեն նաև Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, ինչպես նաև Հողային օրենսգրքում. կխստացվի հատկապես հող ձեռք բերելու գործընթացը:
«Եթե անվտանգության խնդիր ենք դնում, ապա պետք է ճիշտ, համարժեք ընկալենք այս հարաբերությունները և նկատենք, որ ոչ միայն սեփականության իրավունքի, [այլ] գույքային ցանկացած իրավունքի սահմանափակում միանշանակ փոխկապակցված է անվտանգության հետ, - պարզաբանել է նա:- Պետք է ասել, որ «անվտանգություն» հասկացությունը միայն սահմանամերձ շրջանների հետ կապված չէ: Մենք նույնիսկ կարող ենք հանրապետության կենտրոնում ունենալ մի այնպիսի տարածք, որը դարձյալ անվտանգության գոտի մեզ համար համարվի: Դա կարող է լինել ՀՀ պաշտպանության նախարարության վարչական շենքը, Գլխավոր շտաբի վարչական շենքը և այլն. կարևոր չէ: Բայց որ անվտանգության գոտիները միայն սահմանների հետ չեն կապվում, սա արդեն հանրաճանաչ մոտեցում է»:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հարկավոր է խստացնել հողերի ձեռքբերման գործընթացը, Դանիելյանը արձագանքել է. «Անխուսափելիորեն մենք դրան կգնանք»:
Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ նախարարը վստահեցրեց, որ ՀՀ քրեական օրենսդրությունը երբեք չի զարգանա այն ուղղությամբ, որ Հայաստանը քրեորեն հետապնդի այլախոհությունը, ինչը արվում է Թուրքիայում:
Անդրադառնալով հայաստանյան ընդդիմության պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը իրականում հաստատում է Կարսի պայմանագիրը, Դանիելյանը դա անվանեց «իրավական անիրազեկության հետևանք»:
«Ուղղակի պետք է բացել և կարդալ Սահմանադրության 6-րդ հոդվածը և հասկանալ, որ մեր երկրում գործում են բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվում են Ազգային ժողովի կողմից: Դուք իրավասու չեք մի պայմանագրով իրավական ուժ տալու մեկ այլ պայմանագրի»,- հավելել է նա: