Հայաստանը 3:1 հաշվով հաղթում է Իսպանիային
Մեր ընտրանու հաջողությունն ապահովեցին Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը
Լևոն Սարգսյան
|
| Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ: |
Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ: Մեր ընտրանու հաջողությունն ապահովեցին 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա ելույթ ունեցող Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք իրենց պարտիաներն ավարտեցին հաղթանակներով:
Տուրի կենտրոնական խաղում խաղաղությամբ բաժանվեցին Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականները:
6-րդ տուրում միավորներ կորցնելու դեպքում Հայաստանը գործնականում կզրկվեր առաջին տեղում հայտնվելու հնարավորությունից, ուստի Իսպանիայի հետ մրցավեճում միայն հաղթանակ էր անհրաժեշտ:
Մրցամարտի 4 պարտիաներից առաջինն ավարտվեց Տիգրան Պետրոսյանի մասնակցությամբ հանդիպումը, որում օլիմպիական չեմպիոնն առավելության հասավ Լոպես Իվան Սալգադոյի նկատմամբ: Քիչ անց Գաբրիել Սարգսյանը հաղթեց Կորդոբա Իլեսկասին, իսկ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ: Կես միավոր վաստակեց նաև Վլադիմիր Հակոբյանը:
Առաջատարների մասնակցությամբ հանդիպումներում գրանցվեցին ոչ-ոքիներ: 2:2 հաշվով ավարտվեցին Ադրբեջան-Ռուսաստան և Ուկրաինա-Վրաստան հանդիպումները:
Ադրբեջանի հավաքականը 11 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Սերբիայի հավաքականներն ունեն 9-ական միավոր:
Լիլիթները փրկեցին Հայաստանը
Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Ֆրանսիայի հետ մրցավեճը: Հայ շախմատիստուհիներից հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանը և Սիրանուշ Անդրեասյանը պարտվեցին:
Այս ոչ-ոքիից հետո Հայաստանը 8 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վրաստանի և Ռուսաստանի հավաքականները, որոնք վաստակել են 10-ական միավոր: