Աշխատում են շահույթով, բայց հիպոթեկ քիչ են տալիս
Բանկերը նախընտրում են կորպորատիվ հաճախորդներին
Սամվել Ավագյան
|
| Հայտարարությունները, թե Հայաստանի հիպոթեկային շուկան երրորդ եռամսյակում ակտիվացել է, չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ: |
Բոլոր այն հայտարարությունները, որ Հայաստանի հիպոթեկային շուկան երրորդ եռամսյակում ակտիվացել է, չեն հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ:
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է ՀՀ տարածքում գործող բանկերի ամփոփ նկարագիրը հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ որի՝ առևտրային բանկերի հիպոթեկային պորտֆելը հունիսից հետո աճ չի ունեցել և գտնվում է Դ83 մլրդ-ի շրջանակներում: Իսկ սպառողական վարկերը նույնիսկ նվազել են 2.9%-ով և կազմում են Դ134.6 մլրդ:
Սակայն, ընդհանուր առմամբ, բանկային համակարգը պասիվ համարել չի կարելի, քանի որ բոլոր հիմնական չափորոշիչներով աճի միտումները պահպանվել են:
Այսպես, վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում աճել է 8.7%-ով՝ հասնելով Դ690 մլրդ-ի: Վարկերի աճը հիմնականում տեղի է ունեցել արդյունաբերության, առևտրի և ֆինանսական սեկտորի վարկավորման մասով: Բանկերն ակնհայտորեն նախընտրում են կորպորտիվ հաճախորդներին, որի հետևանքով իրավաբանական անձանց վարկավորումն աճել է 15.5%-ով, իսկ ֆիզիկական անձանցը նվազել է 0.6%-ով:
Սպառողական վարկերի կասեցման արդյունքում առևտրային բանկերի վարկային պորտֆելն էական կառուցվածքային փոփոխություն է կրել՝ սպառողական վարկերն առաջնությունը զիջել են առևտրի վարկավորմանը: Առևտրի ոլորտին տրամադրված վարկերը կազմում են Դ143.6 մլրդ, իսկ սպառողական վարկերը՝ Դ134.6 մլրդ: Երրորդ տեղում արդյունաբերության վարկավորումն է՝ Դ116.3 մլրդ:
Եթե առաջին կիսամյակը բանկային համակարգը փակել էր վնասով, ապա 9 ամսվա արդյունքներով ձևավորվել է մոտ Դ2.2 մլրդ շահույթ, որը սակայն մի քանի անգամ զիջում է նախորդ տարվա շահութաբերության մակարդակին:
Առևտրային բանկերի ակտիվներն ընդհանուր առմամբ կազմել են Դ1.2 մլրդ:
Vahe - 30 Հոկտեմբեր 2009թ.
Հիմա վարկ ստանալը իսկակակ գլխացավանք է,էս հարցը ոնց ենք լուծելու: