Արդ­յու­նա­վետ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան իրա­վունք 
Զինե՞լ, թե՞ չզինել քաղաքացուն

Մարտին Մարտիրոսյան
Արդյունավետ ինքնապաշտպանության իրավունքից մեր հասարակությունում զրկված է բնակչության ամենախոցելի, ամենաանպաշտպան հատվածը:
Արդյունավետ ինքնապաշտպանության իրավունքից մեր հասարակությունում զրկված է բնակչության ամենախոցելի, ամենաանպաշտպան հատվածը:

Քաղաքացիական հասարակության առաջամարտիկները քաղաքացու իրավագիտակցություն, իրավական պաշտպանվածություն, սեփական իրավունքների համար պայքարելու վճռականություն քարոզելուց առաջ մոռանում են անդրադառնալ կարևորագույն մի հանգամանքի և ոչ միայն անդրադառնալ, այլև պայքարել դրա համար:

Խոսքն արդյունավետ ինքնապաշտպանության, հետևաբար և զենք կրելու իրավունքի մասին է. ոչ թե Զենքի մասին ՀՀ գործող օրենքով նախատեսած զինատեսակներով, այլ քողարկված ձևով ատրճանակ կրելու իրավունքն է աշխարհում ընդունված միակ արդյունավետ միջոցը:

Այն ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում և ոչ թե չկայացած պետություններում, այլ Եվրոպայի ամենազարգացած երկրներում: Թե ինչո՞ւ չկա այսպիսի քննարկում Հայաստանում, դժվար է ասել: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ զենք ունենալու շահագրգռվածություն ունեցողներից գրեթե բոլորն այդ զենքն արդեն կրում են կամ էլ զինված թիկնապահներ ու պահակներ ունեն:

Հետևաբար, հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավն է այսօր, որ չունի արդյունավետ ինքնապաշտպանվելու իրավունք. բնական մի իրավունք, որից մարդուն, քաղաքացուն զրկելը թերևս ամենաստոր երևույթն է պետության կողմից, առավել ևս, որ այդ նույն պետության իրավապահ մարմինները պարբերաբար հայտարարում են հանցավորության աճի մասին՝ մեխանիկորեն ընդունելով սեփական անզորությունն ու թուլությունը, քաղաքացու պաշտպանությանը կոչված գործառույթների կատարման անընդունակությունը:

Բոլոր այն երկրները, որոնք չեն տալիս քաղաքացուն քողարկված ձևով ատրճանակ կրելու իրավունք, այսօր ընդունում են իրենց ձախողումը հանցավորության դեմ պայքարում:

Անդրադառնանք միջազգային փորձին:

1996թ. Ավստրալիան խստացրեց զենքի մասին օրենքը՝ զրկելով քաղաքացիներին կացարանից դուրս ատրճանակ կրելու իրավունքից, դրան հաջորդած տասնամյակում գրանցվեց զինված կողոպուտի 56% աճ:

1997թ. Մեծ Բրիտանիան հետևեց Ավստրալիայի օրինակին և դարձյալ ոչ մի օգուտ չքաղեց: Պետությունը ստացավ ճիշտ հակառակ պատկերը՝ մեկ տասնամյակում բռնությամբ զուգորդված հանցագործությունների աճը կազմեց 88%, զինված կողոպուտինը՝ 101%, բռնաբարություններինը՝ 105%, իսկ սպանությունների թիվն աճեց 24%-ով:

ԱՄՆ Սահմանադրության երկրորդ լրացման համաձայն՝ զենք պահելու և կրելու մարդու իրավունքը չպետք է ոտնահարվի: ԱՄՆ այն նահանգներում, որտեղ թույլատրված է զենքի քողարկված կրումը, հանցավորության աստիճանը զգալիորեն ցածր է, քան այն նահանգներում, որտեղ այն թույլատրված չէ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ վերջին տասնամյակում ԱՄՆ-ում հանցագործության կատարման ժամանակ սպանված ամեն երրորդ չարագործին գնդակահարել են հարձակման ենթարկվածները, մյուսներին սպանել են ոստիկանները:

ԱՄՆ այն նահանգներում, որտեղ թույլատրված է զենք կրելը, 21 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի դատարանում հատուկ քարտ է լրացնում, լուսանկարվում է, թողնում է մատնահետքերը, վճարում մոտ $100 և սպասում դատարանի թույլտվությանը. երեք ամսվա ընթացքում ստուգելով հայտ ներկայացրած քաղաքացու տվյալները՝ դատարանը կա՛մ մերժում է, կա՛մ թույլատրում:

Մերժում են դատվածություն ունեցողներին և հոգեկան հիվանդներին: ԱՄՆ-ում այսօր քաղաքացիների ձեռքին 200 մլն զենք կա:

2005թ. Բրազիլիայի իշխանություններն անգամ հանրաքվե անցկացրին այդ հարցով: Բրազիլացիների 65%-ը կողմ արտահայտվեց զենք կրելու իրավունքին: Գերմանիան, Իտալիան, սկանդինավյան երկրները, մերձբալթյան հանրապետություններն այդ իրավունքը վաղուց են տվել իրենց քաղաքացիներին:

ԱՊՀ երկրներից Մոլդովան, քաղաքացիներին թույլատրելով ատրճանակ կրել, հանցավորության մակարդակը գրեթե կիսով չափ կրճատել է: Շվեյցարիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում, որտեղ չափահաս բնակչությունը մասսայաբար զենք է կրում, հանցագործության ամենացածր մակարդակն է:

Շվեյցարիայի իշխանությունները պարբերաբար դիմում են քարոզչական արշավների՝ փորձելով հատկապես կանանց խրախուսել իրացնել իրենց իրավունքը՝ կրճատելով բռնաբարության փորձերի վիճակագրությունը:

Ատրճանակի օրինականացումից բացի՝ շատ կարևոր է հատկապես այն առանց ցուցադրելու կրելու հանգամանքը, քանի որ այդպիսով յուրաքանչյուր քաղաքացի, եթե անգամ չունի զենք, հանցագործի կողմից դիտարկվում է իբրև զենքի պոտենցիալ կրող:

Իսկ բոլոր այն հակափաստարկները, թե օրենքի ընդունումից հետո կսկսվեն զանգվածային փոխհրաձգություններ, հենց զենք ստանան քաղաքացիները, թոկից փախած շան նման կհարձակվեն միմյանց վրա, պարզապես աբսուրդ է հիշեցնում:

Իհարկե, այն կենցաղային սպանությունները, որոնք այսօր կատարվում են հացի դանակով, կացնով կամ արդուկով, հնարավոր է և ատրճանակով իրագործվեն, բայց դա չի նշանակում, որ մարդուն պետք է զրկել արդյունավետ ինքնապաշտպանվելու իրավունքից. զենքը օրենք հարգող, գիտակից քաղաքացիների ձեռքին միայն բարձրացնում է հասարակական անվտանգության մակարդակը:

Իզուր չէր Մահաթմա Գանդին, որը քաղաքական պայքարի խաղաղ մեթոդների մեծագույն քարոզիչ էր, պահանջում վերացնել բրիտանացի գաղութարարների պարտադրած զենք կրելու արգելքը, իզուր չէր դալայ-լաման դպրոցական աղջնակի հարցին, թե ինչպե՞ս վարվել զինված հանցագործի հարձակման դեպքում, արդարացված էր համարում պաշտպանվել սեփական զենքով՝ առանց գլխին կրակելու:

Հանցագործներն առանց օրենքի էլ չափազանց լավ են զինված, և սպանությունների մեծ մասը կատարվում է չգրանցված զենքով: Իսկ այս դեպքում գրանցված, վաճառքի ժամանակ մեկ անգամ կրակած և պարկուճի տվյալները գրանցամատյանում թողնելուց հետո զենքը հայտնվում է վերահսկողության տակ:

Վերջապես, տնտեսական ճգնաժամի պայմաններում բացվում է ծառայությունների մի նոր ոլորտ. հրաձգարաններ, դասընթացներ, ի վերջո՝ հրաձգություն մարզաձևի զարգացում: Նույն ճգնաժամի պատճառով փոքր և միջին բիզնեսը ֆինանսական ծանր դրությունից ելնելով՝ ի վիճակի չէ սեփական խանութի կամ ձեռնարկության անվտանգության համար դիմել պահակային բիզնեսի ծառայություններին՝ խուսափելով լրացուցիչ ծախսերից:

Եվ առավել կարևորը, բոլորը կհամաձայնեն, որ արդյունավետ ինքնապաշտպանության իրավունքից մեր հասարակությունում զրկված է բնակչության ամենախոցելի, ամենաանպաշտպան հատվածը:

Հակառակ կարծիքների համար ևս հրապարակը բաց է, իսկ ամենացավալին քննարկման բացակայությունն է:



 
Karo - 29 Հոկտեմբեր 2009թ.
Հիմա ինչ, առաջարկում եք օրինականացնել զենքի կրումը։ Պատկերացնում եք ինչ է կատարվելու, ասենք, երեկոները սրճարաններում։ Դրա հետ մեկտեղ պիտի պարտադրել նաև զրահաբաճկոնների պարտադիր կրում ՀՀ բոլոր քաղաքացիների համար, մեկ էլ պատական «գյուլի բաժին» դառար։ Մեր «հայաթու»մ, օրինակ, ՀՀ ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցը կամ ղեկավարը (հիմա պաշտոնը հաստատ չգիտեմ, բայց ղեկավարը ավելի շուտ), զենք է կրում, ու կախված նրա տրամադրությունից, որը շատ արագ փոխվում է հատկապես ամռանը, երբ «քյուչի տղեքով» որոշում են գարեջուր խմել, սկսում է կրակել, հետո «քյուֆուր քյաֆար»։ Էսպիսի լավ տղերք շատ կան մեր շրջապատում։ Միգուցե և լավ գաղափար է, բայց մեր իրականության համար չէ։

Karen - 30 Հոկտեմբեր 2009թ.
Կարո, եթե արդեն քո մոտ էլ զենք լինի, ձեր քուչի տղերքը շատ ավելի համեստ կպահեն իրենց, նույնիսկ հարբած վիճակում չափի զգացում կունենան: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ մարդկանց մի արտոնյալ զանգված զենք ունի, և մյուս զանգվածն էլ ստիպված է ենթարկվել դրանց կամակորություններին: Եթե Սովետական Միությունը միջուկային զենք չունենար, Ամերիկան անպայման միջուկային հարված էր հասցնելու: Եթե Ճապոնիան ունենար միջուկային զենք, Հերոսիմա և Նագասակի չէր լինի: Այս տրամաբանությունը վերաբերում է նաև մարդկային առօրյա հարաբերություններին:

Guest - 18 Հունվար 2010թ.
Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ քաղաքացիներին զենք կրելու իրավունք տրամադրելուց հետո երկրում հանցավորության ցուցանիշը պետք է աճի: Ոչ մի իրեն հարգող հանցագործ երբեք իր օրինական զենքը չի օգտագործի հանցագործություն կատարելու նպատակով, քանի որ բալիստիկ հետաքննությունը հաշված րոպեների ընթացքում կբացահայտի հանցագործություն կատարած մարդուն: Նման դեպքում հանցագործի համար ավելի նախնտրելի է դանակ օգտագործելը: Սակայն ինչ վերաբերվում է քաղաքացիներին, ապա նրանց մինչև այդ իրավունքը տրամադրելը, պետք է անցկացվեն դասընթացներ զենքի հետ վարմելու կանոնները յուրացնելու համար, հետո նոր տրամադրել համապատասխան քննություն անցկացնելուց հետո:

 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC