Մատրվակի հոգեբանություն
Ինչո՞ւ են ոստիկանները հարձակվել ցուցարարների վրա
Արփի Մախսուդյան
|
| Ոստիկանները չդիմացան գայթակղությանն ու ավանդույթի համաձայն՝ «մի քիչ» քաշքշեցին ցուցարարներին... |
Հոկտեմբերի 28-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով, որ վերջինս ապահովի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը։
Խնդիրն այն է, որ հոկտեմբերի 22-ին ոստիկանները հարձակվել էին ՀՀ կառավարության առջև բողոքի ակցիա կազմակերպած մի քանի տասնյակ քաղաքացիների վրա և պատառոտել նրանց պաստառները։ Ոստիկանները, չտալով որևէ հիմնավոր բացատրություն, խոչընդոտել էին խաղաղ ցուցարարների քայլերթը նախագահական նստավայր։
ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան Զարուհի Փոստանջյանի պահանջի, վարչապետը հայտարարել էր, որ ցուցարարների գործողությւններն այնպիսին պետք է լինեն, որ ոստիկանները ստիպված չլինեն կիրառել օրենքով իրենց տրված իրավունքները։
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք: Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ իրավունքների իրականացման սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն օրենքով:
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը բոյկոտող խաղաղ ցույց էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց, որը կրկին խոչընդոտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Առավոտյան ժամը 11-ին Փոստանջյանը, Թեղուտի պաշտպանության խումբը և մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, իսկ վարչապետը, հավատարիմ մնալով իր խոստմանը, մեծ թվով ոստիկանների էր ուղարկել ցուցարարների անվտանգությունը պաշտպանելու համար։
Արդյունքնում կառավարության շենքի մոտ ավելի շատ ոստիկան էր հավաքվել, քան ցուցարար։
Չնայած կառավարության խոստմանը՝ ցուցարարների և ոստիկանների հանդիպումը չանցավ առանց միջադեպերի, ավելի ստույգ՝ ոստիկանները չդիմացան գայթակղությանն ու ավանդույթի համաձայն՝ «մի քիչ» քաշքշեցին ցուցարարներին...
Սահմանադրության մեկ այլ՝ 27-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն։
Հայաստանում ոստիկանության կամ իրավապահ մարմինների գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ոստիկանները գործում են ընդունված օրենքներից դուրս՝ վերադասի հրամանով, վերադասն էլ՝ իր վերադասի. արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ այդ շղթայից և ոչ մեկը չի տիրապետում ՀՀ օրենքների գոնե նվազագույն չափին կամ մտածում է, որ անկախ գրված և ընդունված օրենքներից՝ ինքն իրավասու է անել այն, ինչն իրեն հնարավորություն կտա ևս մեկ անգամ ապացուցել իշխանությանն իր «նվիրվածության» աստիճանը։
Սա հոգեբանության մեջ կկոչվեր «մատրվակի հոգեբանություն»։ Եվ հենց այս հոգեբանության տրամաբանությամբ էլ ոստիկանները խախտել են կառավարության հրամանը և հարձակվել ցուցարարների վրա, այն ժամանակ, երբ նրանք վանկարկել են «նախագահը դավաճան է»։
Նրանք մեղք չունեն, որ չգիտեն Սահմանադրության հոդվածներից և ոչ մեկը, բայց կան պատկան մարմիններ, որոնք ոչ միայն գիտեն, այլև պարտավոր են անել ամեն բան, որ երկրում սկսեն գործել սահմանադրական նորմերը։
Նրանք պարտավոր են հասկանալ, որ յուրաքանչյուր ոք կարող է դուրս գալ փողոց ու արտահայտել իր կարծիքը և չենթարկվել բռնությունների ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ սափրագլուխների կողմից։
Սա հասկանալով՝ նրանք պարտավոր են իրենց ստորադասներին հասկացնել, որ եթե որևէ քաղաքացու կարծիք օրենքից բան չհասկացող, բայց օրենք պաշտպանող ոստիկաններին վիրավորանք թվա, ապա պետք չէ տիրոջը պաշտպանող շան նման հարձակվել նրա վրա, քանի որ ոստիկանի գործը ոչ թե մարդկանց վիրավորանքներից, այլ վիրավորվելուց պաշտպանելն է։