Ոչ միշտ է, որ դրոշի առկայությունը ասոցացվում է ցուցարարի հետ
Վկաները շփոթվում են հարցերին պատասխանելիս

Ժաննա Ալեքսանյան
«Դուք այս դատարանում ցուցարար տեսնո՞ւմ եք»,- վկային հարցրեց Փաշինյանը: «Ոչ»,- տարակուսեց վկան:
«Դուք այս դատարանում ցուցարար տեսնո՞ւմ եք»,- վկային հարցրեց Փաշինյանը: «Ոչ»,- տարակուսեց վկան:

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վկաների հարցաքննությունը, որն առայժմ ընթանում է նրան առաջադրված մեղադրանքներից մեկի՝ 316 հոդվածի 1-ին մասի (ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելը) շուրջ:

Միջադեպը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 23-ին Կորյուն-Աբովյան խաչմերուկում: Այս դրվագով անցնող վկաները տասնինն են, որոնցից առայժմ հարցաքննվել է չորսը:

Նախորդ նիստերից մեկին գործով տուժող ճանաչված Երևանի քաղաքային ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանն իր ցուցմունքում հայտնել ու պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը հարվածել է իր ոտքերին: Տուժողն ասել էր նաև, որ որևէ մարմնական վնասվածք չի ստացել և չի դիմել բուժօգնություն ստանալու համար:

«Քաշքշուկ է սկսվել, խմբված մարդիկ սկսել են չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», որից հետո բարձրախոսը ձեռքին մոտեցել է Փաշինյանը և խփել իր աջ ոտքին:

Դատարանում հարցաքննված վկաներից երկուսը՝ Վազգեն Սերոբյանը և Կարեն Գրիգորյանը, միջադեպը ներկայացնելիս ասում էին մի բան, իսկ փաստաբանների հարցերին պատասխանելիս՝ մեկ այլ բան:

Մասնավորապես, վկա Կարեն Գրիգորյանը, որը հայտարարեց, թե Փաշինյանին ճանաչում է որպես թերթի խմբագիր, իր ցուցմունքում պնդում էր, թե տեսել է՝ ինչպես են ցուցարարներն ու Փաշինյանը հարվածում ոստիկանների ոտքերին, սակայն փաստաբան Լուսինե Սահակյանի մանրամասն հարցաքննությունից նրա մտքերը խառնվեցին:

Պաշտպանները մանրամասնություններ պահանջեցին՝ խնդրելով ավելի կոնկրետ նշել այն վայրը, որտեղից նա տեսել է այդ ամենը: Վկայի պատմելուց հետո պարզ դարձավ, որ նա այդ տարածքից չէր կարող նկատել Փաշինյանի հարվածը:

Ավելին՝ հարվածի հետ կապված և ոչ մի մանրամասնություն նա չէր հիշում, միայն անընդհատ կրկնում էր, որ տեսել է հարվածի պահը: Հարցաքննությունը, ի վերջո, նրան հունից հանեց այն աստիճան, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստիպված էր նկատողություն և հանդարտության կոչ անել:

Այս վկային էր, որ Փաշինյանի պաշտպանները հարց ուղղեցին, թե արդյոք նա ոստիկանությանը չի՞ աջակցում: Չնայած բացասական պատասխանին, պաշտպանները փորձեցին պարզել, թե այդ դեպքում ինչու են այդքան հաճախ վկային տեսել Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում: Այս հարցին վկան դժվարացավ պատասխանել:

Վկա Գրիգորյանը նախաքննության ընթացքում հրավիրվել է նաև ԱԱԾ Փաշինյանի հետ առերես հարցաքննության: Նա դատարանում պատմեց. «Հարցաքննությունը չստացվեց, որովհետև Փաշինյանը գոռում էր՝ «Պայքար, պայքար, մինչև վերջ»: Հետո ինձ թուղթ տվեցին, որ չստացվեց, ու ես ստորագրեցի»: 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որը մշտապես հետևում է Փաշինյանի դատավարությանը, վերը նշված դրվագի առնչությամբ «Կապիտալին» ասաց. «Այդ վկաները նույնիսկ Փաշինյանին չեն էլ ճանաչել, դրա համար էլ նրանց տարել են ԱԱԾ՝ Փաշինյանին ցույց տալու համար: Դա է պատճառը, որ վկաների ցուցմունքները ծիծաղ են առաջացնում»:

Դատարանում հարցաքննված մյուս երկու վկաները՝ Ռիտա Եփրեմյանն ու Վարսենիկ Զուրաբյանը, միջադեպի ժամի վերաբերյալ սխալ տեղեկություններ հայտնեցին: Նրանք նշում էին ցերեկային ժամեր, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել երեկոյան ժամ 19-ի սահմաններում:

Նրանք Փաշինյանին չէին ճանաչում և նրան միջադեպի օրը չէին տեսել: Ընդամենը հավաքված մարդկանց մի բազմություն են տեսել և լսել աղմուկ: Վկա Ռիտա Եփրեմյանը հասկացել է, որ նրանք ցուցարարներ են, քանի որ ձեռքերին պարզած դրոշներ են ունեցել:

«Դուք այս դատարանում ցուցարար տեսնո՞ւմ եք»,- վկային հարցրեց Փաշինյանը: «Ոչ»,- տարակուսեց վկան: Նիկոլ Փաշինյանը հայացքն ուղղեց դեպի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը, ինչպես և մյուս դատավորները, նստած էր հայկական դրոշի ներքո. «Փաստորեն, ոչ միշտ է, որ դրոշի առկայությունը ձեզ մոտ ասոցացվում է ցուցարարի հետ»,- իր խոսքն ավարտեց «Հայկական ժամանակի» խմբագիրը:

Ի դեպ, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը հետևող միակ հեռուստաընկերությունը Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունն է, որը լուսաբանում է դատական գործընթացը եթերում:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC