Քանա՞կ, թե՞ որակ
Կառավարությունն առաջնությունը տալիս է տնտեսության քանակական աճին
Արմենակ Չատինյան
|
| Կառավարությունը կառուցապատողներին օժանդակելու համար այս տարվա սկզբին Դ20 մլրդ-ի պետական երաշխիքներ տրամադրելու ծրագիր սկսեց, որը կարելի է ձախողված համարել։ |
Արդյոք շինարարությունը Հայաստանում բյուջետային աջակցության կարիք ունի՞:
Այս բանավեճը ծագեց այն բանից հետո, երբ կառավարությունը հունիսին Ազգային Ժողով ներկայացրեց շինարարությանն օժանդակություն նախատեսող մի օրինագիծ, այնինչ անկախ փորձագետների մեծ մասն այն կարծիքին էր, որ շինարարությունը ՀՆԱ-ում անհարկի ուռճացված մասնաբաժին ունի, որով էլ մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսական մեծ անկումը:
Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսն է մի առիթով ասել, որ շինարարության չափից ավելի բարձր աճն այնքան էլ ցանկալի չէ տնտեսական կայունության տեսանկյունից, քանի որ այն տատանողականության մեծ պոտենցիալ ունի:
Այնուամենայնիվ, հակաճգնաժամային միջոցառումների թվում կառավարությունը մշակեց հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծ:
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին որոշ պարզաբանումներ տվեց այդ օրինագծի վերաբերյալ՝ որպես շարժառիթ ներկայացնելով մամուլում տեղ գտած քննադատական հրապարակումները:
Վարչապետն օրինագիծը կարևորեց նրանով, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր է խթանել օտարերկրյա ներդրումները և ստեղծել բարենպաստ պայմաններ այն տնտեսավարողների համար, որոնք կապիտալ շինարարությունում կկատարեն Դ1 մլրդ և ավելի ներդրումներ։
«Հասկանալի է, որ ճգնաժամի ժամանակ ներդրումներ ներգրավելը դյուրին գործ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով լրատվամիջոցներում հնչեցված այն մտահոգությանը, որ այդ ծրագիրը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում՝ վարչապետն ասաց, թե նման վտանգի դեպքում կառավարությունը նույնիսկ պատրաստ է հետ կանչել օրինագիծը, եթե ի հայտ գան ավելի մեծ ռիսկեր, քան կան այսօր:
Նիստին հաջորդած ասուլիսին այս օրինագծի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ներկայացրեց նաև ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ըստ նրա՝ օրինագծով սահմանված են բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել վերահսկողությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Կառավարությունը կհամաֆինանսավորի երեք տարվա ընթացքում Դ1մլրդ-ից ավելի հանրային և բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը, որոնք կիրականացվեն նոր ստեղծված իրավաբանական անձանց կողմից։
Ըստ Արամյանի՝ դրանով կբացառվի նախորդ տարիների հարկային պարտավորությունների հաշվանցման հնարավորությունները։
Նշենք, որ օրինագծի հետ կապված մտահոգությունը միայն կոռուպցիոն ռիսկերով չի պայմանավորված: Չնայած շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելի քան 25% է, այս ոլորտի ընկերությունների վճարված հարկերը չեն գերազանցում ընդհանուրի 10%-ը։ Այս օրինագծի մյուս խնդիրն այն է, որ կառավարությունը փաստացի հետաձգում է տնտեսության դիվերսիֆիկացումը. առաջնությունը տրվում է տնտեսության քանակական, այլ ոչ թե որակական աճին։
Անդրադառնալով այս խնդրին՝ Վ. Արամյանը նշեց, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը պետք է բաժանել երկու մասի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ։
Շինարարությանն օժանդակելը կրում է կարճաժամկետ բնույթ։ Վկայակոչելով համաշխարհային պրակտիկան՝ Արամյանը նշեց, որ պետք է սկսել օժանդակել, վերականգնել այն ճյուղը, որն առաջինն է տուժել և խոցվել տնտեսական ճգնաժամի արդյունքում։
«Մենք տեսանք կապիտալ շինարարության 50% անկում, ինչը վատատեսական սպասումներ է ձևավորում տնտեսավարող սուբյեկտների շրջանում։ Այս ոլորտում տնտեսավարողները հետաձգում են իրենց ծրագրերը, իսկ դա նշանակում է լրացուցիչ գործազրկություն, հասարակության կողմից ծախսերի կրճատում, այլ ճյուղերի արտադրանքների նկատմամբ պահանջարկի նվազում»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, թե սա կարող է շղթայական էֆեկտ ունենալ։
Վ.Արամյանն արդարացված է համարում, որ կարճաժամկետ հատվածում կառավարությունը փորձի օժանդակել շինարարությանը, քանի որ այս տարվա տնտեսական անկման հիմնական մասնաբաժինը շինարարության ոլորտինն է։ Ըստ փոխնախարարի՝ օրինագիծը կնպաստի շինարարության վերականգնմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, շինանյութերի շուկայի աշխուժացմանը՝ առաջացնելով մուլտիպլիկատիվ էֆեկտ։
Հիշեցնենք, որ կառավարությունը կառուցապատողներին օժանդակելու համար այս տարվա սկզբին Դ20 մլրդ-ի պետական երաշխիքներ տրամադրելու ծրագիր սկսեց, որը կարելի է ձախողված համարել։
Որոշման ընդունման ժամանակ ակնկալվում էր, որ կառուցապատողներն այն ոգևորությամբ կընդունեն։ Ժամանակը ցույց տվեց, որ կառավարության ծրագրից կարողացավ օգտվել ընդամենը յոթ կառուցապատող, իսկ այս միջոցներից պետական երաշխիքների համար ծախսվեց շուրջ Դ4,5 մլրդ։