Ընդունվեց հարկային փաթեթը
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Արմենպրես
|
| Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է (73 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ) ՀՀ կառավարության ներկայացրած հարկային փաթեթը։ |
Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է (73 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ) ՀՀ կառավարության ներկայացրած հարկային փաթեթը, որով փոփոխություններ են առաջարկվում «Հարկերի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Փաթեթով մասնավորապես նախատեսվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրում խոշոր հարկատուների մոտ:
«Հարկերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակ սահմանվում է, թե որ կազմակերպությունների մոտ կարող է նշանակվել հարկային մարմնի ներկայացուցիչ. նախատեսված է միայն երեք դեպք՝ եթե հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հարկ վճարողի ակտիվների իրացումից ստացվող հասույթը գերազանցել է Դ4 մլրդ-ը, եթե հաշվետու տարվա որևէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է Դ500 մլն-ը, և եթե ԱԱՀ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացրած հաշվետվությունների տվյալների և չափագրումների արդյունքների միջև Դ100 մլն և ավելի չափով շեղում:
Հստակ ամրագրվել են նաև հարկային մարմնի ներկայացուցչի պարտավորությունները. վերջինս իրավասու է միայն պատրաստի ապրանքի առաքման ժամանակ հսկել բաց թողնվող արտադրանքի ֆիզիկական ծավալները, իրացման գները և միայն իրացման հետ կապված փաստաթղթերը:
Հեղինակների վստահեցմամբ՝ հարկային մարմնի ներկայացուցիչը զերծ է մնալու արտադրություն մուտք գործելուց, նրան հասու չեն լինելու արտադրական գաղտնիքները և ոչ էլ արտադրական գործընթացները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի տվյալներով՝ հարկային մարմնի ներկայացուցիչներ կլինեն 60-70 ընկերությունում, իսկ «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները դրականորեն կանդրադառնան մոտ 60 հազար տնտեսավարողի վրա։