Ավելանում է քաղաքացիների հարկային բեռը
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատավարձի 31%-ը կուղղվի կենսաթոշակներին
Արմենակ Չատինյան
|
| Չնայած Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010թ. հունվարի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2011թ.: |
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների համար գործադիրը երեկվա նիստին հաստատեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և ևս 53 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը։
Չնայած Հայաստանը նախատեսում էր կենսաթոշակների կուտակային համակարգին անցնել 2010թ. հունվարի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2011թ.:
Մինչև 40 տարեկան աշխատունակ քաղաքացիները ոչ միայն որոշելու են իրենց կենսաթոշակի չափը՝ կատարելով սահմանված վճարումները, այլև աշխատավարձից ավելի շատ գումար են, վճարելու քան այսօր։ Ընդհանուր առմամբ քաղաքացիները պետք է վճարեն աշխատավարձի 31%-ը, որից միայն 5%-ն է ուղղվելու կենսաթոշակին, իսկ 26%-ը՝ եկամտահարկն է։
Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կենսաթոշակային նոր համակարգով նախատեսված է ներդնել նոր միասնական եկամտահարկ՝ 26%։
Ներկայիս պրոգրեսիվ սանդղակով եկամտահարկի և ռեգրեսիվ սանդղակով գործող սոցիալական ապահովության վճարի փոխարեն կլինի միասնական դրույքաչափով եկամտահարկ, որը փաստացի այդ երկու դրույքաչափերի հանրագումարն է։ Այդ առումով դրույքաչափի փոփոխություններ չեն լինի։
Որպեսզի քաղաքացիները չունենան եկամուտների կորուստներ, գործատուների վճարած պարտադիր սոցվճարները պետք է գումարվեն աշխատակիցների աշխատավարձին, և դրանից պահվի 26%-ը։
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգով նախատեսված է, որ մինչև 40 տարեկան անձինք աշխատավարձի 5%-ի չափով պետք է կատարեն պարտադիր վճարումներ։ Այդ միջոցները կմուտքագրվեն ոչ թե պետբյուջե, այլ յուրաքանչյուրի անհատական հաշիվներ։
Բացի այդ, 5% համաֆինանսավորում կկատարի պետությունը, բայց ոչ ավելի, քան Դ25 հազ.։
Քաղաքացու հաշվին կուտակված միջոցները կապահովեն նաև շահույթ՝ տոկոսների տեսքով։ Այդ գումարները կլինեն անձեռնամխելի, մինչև քաղաքացին չհասնի կենսաթոշակային տարիքի։ Եթե քաղաքացին ցանկանա ավելի բարձր կենսաթոշակ ունենալ, ապա նա կկարողանա նաև կամավոր վճարումներ կատարել։
Նոր կենսաթոշակային համակարգով նախատեսված է նաև այսպես կոչված՝ «զրո աստիճան», որը փաստացի այսօրվա կենսաթոշակն է: Այն կվճարվի այն անձանց, ովքեր ընդհանրապես չեն աշխատել կամ ունեն մինչև 10 տարի աշխատանքային ստաժ։ Նախատեսվում է, որ այս աստիճանում կենսաթոշակի չափը կհասցվի մինչև կենսաապահովման նվազագույնին։
Կենսաթոշակային նոր համակարգով կլինի նաև աշխատանքային կենսաթոշակ, որն ըստ էության այսօր կենսաթոշակային համակարգի շրջանակներում վճարվող կենսաթոշակն է։ Տասը տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիներին կենսաթոշակը նշանակվելում է գործող օրենսդրության շրջանակներում։