Լաիցի՞զմ, թե՞ իսլամ
Թուրքիայի անցյալը, ներկան և ապագան

Մարտին Մարտիրոսյան
Բանակը քեմալիզմի պատվարն է. բանակը նաև քեմալիզմն իբրև պանթուրքիզմի գաղափարախոսության պահապանն է:
Բանակը քեմալիզմի պատվարն է. բանակը նաև քեմալիզմն իբրև պանթուրքիզմի գաղափարախոսության պահապանն է:

Երեկ Թուրքիայի Հանրապետության տարեդարձն էր: 1923թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիայի Հանրապետություն և պետության ու հասարակության հիմքը հայտարարեց լաիցիզմը և դա ամրագրեց սահմանադրորեն: Դրանից մոտ ինը տասնամյակ անց Եվրամիություն ձգտող միակ իսլամական պետությունը դարձյալ կանգնել է երկընտրանքի առջև՝ լաիցի՞զմ, թե՞ իսլամ:

«Լաիցիզմը մեր ժողովրդավարության և հասարակական կարգի հիմքն է: Այն ենթադրում է աշխարհիկ օրենքների գերիշխանություն և պետության հավասար և անկախ վերաբերմունք բոլոր կրոնների նկատմամբ, դավանանքի ազատության երաշխիքներ: Այդ սկզբունքը հիմնարար է եղել մեր հանրապետության կայացման ընթացքում, և մենք պետք է փայփայենք այդ սահմանադրական դրույթը: Դրա խախտումը կխարխլի մեր հանրապետության հիմքերը»,- սա հատված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդյան օրվան նվիրված միջազգային սիմպոզիումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից:

2007թ. Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները իսլամական վարչապետի հետ իսլամական նախագահ ունենալու վտանգը կանխելու մղմամբ դիմեցին կոշտ հայտարարությունների և դարձյալ հղում արեցին լաիցիզմին:

Իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Աբդուլլահ Գյուլի ընտրությունը կանխելու մղումով Գլխավոր շտաբը հայտարարեց. «Թուրքիայի քաղաքական ռեժիմն իր գոյության ամբողջ  ընթացքում բախվում է ամենալուրջ սպառնալիքին: Թուրքիայի հիմնարար աշխարհիկ արժեքներն առաջին անգամ դարձել են բացահայտ ոտնձգությունների առարկա»:

Գլխավոր շտաբն ընտրությունների ժամանակ բարձրագույն իշխանությանը դիմեց նաև բաց ուղերձով՝ «պետք չէ մոռանալ, որ թուրքական զինված ուժերը լաիցիզմի՝ աշխարհիկ հասարակարգի վճռական պաշտպանն է: Թուրքիայի զինված ուժերն աշխարհիկ կարգերը պաշտպանելու համար կդիմեն իրական գործողությունների: Ոչ ոք թող չկասկածի»:

Ընդդիմությունն այս հայտարարությունը որակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների կամ հերթական ռազմական հեղաշրջման կոչ: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ ժամանակները փոխվել են: Էրդողանի կառավարությունն անթույլատրելի համարեց բանակի միջամտությունը նախագահական ընտրություններին՝ հիշեցնելով, որ գլխավոր շտաբը ենթարկվում է վարչապետին, և պետական հանցագործության մեղադրանքը չի ուշանա:

Բանակի ահազանգը, թե չափավոր իսլամականների գործունեության հետևանքով Թուրքիան կդառնա իսլամական պետություն, այս անգամ ազդեցություն չունեցավ:

Հեղաշրջումների շրջափուլը չկրկնվեց, մոտ մեկդարյա էվոլյուցիայի արդյունքում Թուրքիան հասավ մի կետի, որտեղ բանակը չկարողացավ ազդել իշխանության ձևավորման վրա: Այն, որ ամբողջ 20-րդ դարի ընթացքում փաստացի Թուրքիայի ճակատագիրը վճռել է բանակը, այս անգամ ոչ մի արժեք չունեցավ:

20-րդ դարում թուրքական բանակը երեք անգամ ռազմական հեղաշրջում է իրականացրել՝ 1960, 1971, 1980 թթ.: Ռազմական հեղաշրջումները դեռևս երիտթուրքերի ժամանակներից եկած ավանդույթ էր: Ընդ որում՝ ժողովրդական զանգվածների վերաբերմունքն այդ հեղաշրջումների նկատմամբ միշտ չափազանց դրական է եղել: Երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում սկսվեց որպես դավադրություն, իսկ շարունակվեց և ավարտվեց որպես ժողովրդական տոն:

Ժողովրդի ազատության զգացումը հիմնականում արտահայտվում էր ցույցերի, աղմուկի, խոսքերի ու ժեստերի առատությամբ: Նույն վերաբերմունքը ժողովուրդն ունեցավ նաև 1960թ. հեղաշրջման ժամանակ: Բնակչությունը տոնական տրամադրությամբ դուրս եկավ փողոց, ծաղիկներ դրեց Աթաթուրքի հուշարձանին: Չադրայով կանայք վանկարկեցին «կեցցե՛ բանակը»:

Բանակը Թուրքիայում սրբության նման մի բան է: Թուրքը բանակի գոյությունից երջանկություն է ապրում: Այդ ուրախությունն անբացատրելի է, այն ենթագիտակցական հարթության վրա է: Հենց այդ պատճառով բանակը միակ ուժն է, որը կարող է իրեն թույլ տալ պաշտպանել լաիցիզմը և հակադրվել իսլամական ազդեցությանը՝ չվախենալով կորցնել ժողովրդի վստահությունը:

Բանակին ամեն ինչ կարելի է: 20-րդ դարում այդպես էր: Ընդ որում՝ լաիցիստական արժեքների դոմինանտը թուրքական զանգվածների համար անընդունելի է՝ ի տարբերություն իսլամական կուսակցությունների դավանած և քարոզած արժեքների:

Բանակի պայքարն այդ արժեքների դեմ, ըստ տրամաբանության, պետք է ստանար ժողովրդի դիմադրությունը, սակայն ուժ, հզորություն, ռազմիկ, բանակ հասկացությունները հաշտեցնում են ավանդական ժողովրդական իսլամական ինքնագիտակցությունը և քեմալիզմի գաղափարախոսությունը:

Բանակը քեմալիզմի պատվարն է: Թուրք կուրսանտը՝ ապագա սպան, ռազմական ուսումնարանում առաջին օրվանից դաստիարակվում է Աթաթուրքի հեղափոխության ոգով: Բանակը նաև քեմալիզմն իբրև պանթուրքիզմի գաղափարախոսության պահապանն է:

Պատահական չէ, որ 1960թ. հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը ժամանակակից պանթուրքիզմի գաղափարախոս, գնդապետ Ալփարսլան Թյուրքեշն էր: Այսօր էլ Թյուրքեշի կողմնակիցները զինվորական շրջանակների գլխավոր բռունցքն են: Իսկ իսլամական կուսակցությունների նկատմամբ բանակի վերաբերմունքը խիստ բացասական է:

Պարբերական հեղաշրջումների գլխավոր պատճառը հենց իսլամական ուժերի հզորացումն էր քաղաքական ասպարեզում: Լարվածությունը լիցքաթափվում էր ռազմական հեղաշրջումների միջոցով:

1997թ. զինվորականների ճնշմամբ հրաժարական տվեց կառավարության ղեկավար, իսլամականների առաջնորդ Նեջմեթին Էրբականը: Այդ իրադարձությունները համարվեցին Թուրքիայի առաջին պոստինդուստրիալ հեղաշրջումը՝ ենթադրելով, որ ապագայում բանակն իշխանությունների ձևավորմանը կմիջամտի անուղղակի ազդեցությամբ:

Սակայն տասը տարի անց այդ սցենարը չաշխատեց: Սուր տնտեսական ճգնաժամից հետո 2002թ. Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության ձևավորած իսլամական կառավարությունը խորհրդարանին ստիպեց ընտրել նաև իսլամական նախագահ՝ Աբդուլլահ Գյուլին։

2007թ. հեղաշրջումների ցիկլը խախտվեց: Գլխավոր շտաբի խոսքը գործողություն չդարձավ, քանի որ կառավարությունը ժամանակին էր նախահարձակ եղել:

1997թ. կառավարության խաղաղ հեռացումից տասը տարի անց հերթական հոգեբանական լիցքաթափումը տեղի չունեցավ: Իսլամականները, սկսելով ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը, իրականում իրենց հեղաշրջումը սկսեցին, ձերբակալվեցին զինվորական սպաներ, որոնք իբր պետական հեղաշրջում էին նախապատրաստել, ձերբակալվեցին և հարցաքննվեցին բազմաթիվ զինվորականներ, լրագրողներ, գրողներ, քաղաքական գործիչներ:

Ճիշտ է, թե սուտ «Էրգենեկոնն» ու հերթական հեղաշրջման փորձը, իհարկե, կարևոր է, սակայն առավել կարևոր է, որ Թուրքիան այժմ ընթանում է իսլամական ուղիով:

Ու թեև վարչապետ Էրդողանը հանդես է գալիս հօգուտ Եվրամիությանն անդամակցելուն՝ հերքելով մեղադրանքները, թե իր կուսակցությունը ցանկանում է իսլամացնել Թուրքիան, սակայն միևնույն ժամանակ Էրդողանի կառավարությունը բազմիցս փորձել է օրենքի ուժով իսլամի տարրերը դարձնել կյանքի անբաժանելի մաս: Թուրքիայի կառավարությունը ցանկանում էր պետական և կրթական հաստատություններում հանել իսլամական հագուստի արգելքը. այն հանդես եկավ դպրոցներում իսլամի ուսուցման ընդլայնման օգտին, իսկ Էրդողանն անձամբ հանդես եկավ ամուսնական դավաճանությունը քրեորեն հետապնդելի հանցանք ճանաչելու օգտին:

Թուրքիայի Սահմանադրական դատարանն առայժմ կարողանում է դիմակայել գլխավոր օրենքի ուժով, սակայն իրավիճակը փոխվում է, և հնարավոր է՝ հերթը հասնի նաև սահմանադրական փոփոխություններին:

Ինչպիսին կլինի Թուրքիան ապագայում, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ բանակն այլևս չի կարողանում դիմակայել իսլամականներին, կարծես թե իրականություն է:



 
 
 
 
Ամենից շատ ընթերցված նյութեր
Արխիվ

երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
<<Հոկտեմբեր 2009 >>
 


ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՄԱՍԻՆ RSS E-paper
 
Դիտողություններն ու ցանկություններն ուղարկել info@cdaily.am հասցեով։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2006 - 2009 «ՄԵԴԻԱ ՍԹԱՅԼ» ՍՊԸ։
Լրատվական գործակալությունների կողմից դրվող սահմանափակումներ՝
© «Արմենպրես», © «ԱրմԻնֆո», © «Մեդիամաքս», © AP, © Reuters, © Прайм-Тасс, © ИТАР-ТАСС։
Խմբագրության հեռախոսահամարը՝ +374 (0) 10 521775 (ներքին՝ 514), էլ.փոստ՝ info@cdaily.am

Մանրամասն հեղինակային իրավունքների և գովազդի տեղադրման մասին։
Designed and developed by Smart Systems LLC