Կառավարությունը հրաժարվում է թղթից
Պաշտոնյաները պատճառաբանություններ չեն գտնի դիմումներին չպատասխանելու համար
Արմենակ Չատինյան
|
| Տ.Սարգսյան.«Նախկինում պաշտոնյաները որպես փաստարկ բերում էին, որ չեն տեսել, չեն ստացել այս կամ այն փաստաթուղթը։ Աշխատանքը չկատարելու այս կարգի պատճառաբանությունները ներկայումս իսպառ վերանում են, քանի որ տեղեկությունը դառնում է հասանելի բոլոր չինովնիկներին» |
Պետական կառավարման համակարգը անցում է կատարում ժամանակակից տեխնոլոգիաների, և թուղթը դուրս է մղվում պետական աշխատողների առօրյայից։ Ներկայում էլեկտրոնային կառավարումը ներդրված է 44 պետական մարմիններից 25-ում, որտեղ փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Եվս 5 գերատեսչությունում այս հաղորդակցման եղանակը կներդրվի մեկ ամսից, իսկ համակարգն ամբողջովին պատրաստ կլինի 2011թ. վերջին։
էլեկտրոնային կառավարման համակարգեր ներդրված են մի շարք զարգացած, ինչպես նաև անցումային տնտեսություններ ունեցող երկրներում։ Կառավարման այս համակարգի զարգացումը խրախուսում է նաև ՄԱԿ-ը, որի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ` 2003-ից սահմանվել են պետական ծառայության զարգացման ՄԱԿ-ի ամենամյա պարգևներ։ Որպես առանձին պարգև` ՄԱԿ-ը շնորհում է պետական համակարգում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար։
Երեկ Հայաստանի պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհանդեսին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն ուղղված է կառավարման ողջ համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Այս համակարգը կառավարումը դարձնում է թափանցիկ և քաղաքացիների կողմից վերահսկելի, քանի որ, ըստ վարչապետի, ստեղծում է մի համակարգ, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս մասնակցել կառավարման գործընթացին։ Բացի այդ` քաղաքացիները օպերատիվ կերպով կկարողանան վերահսկել կառավարության գործունեությունը, նամակների, դիմումների, հայտերի պատասխանների ընթացքը։ Տ.Սարգսյանը նշեց, որ էլեկտրոնային կառավարումն էապես նվազեցնում է պետական համակարգում փաստաթղթաշրջանառության ժամանակը։
«Եթե նախկինում փաստաթղթաշրջանառությունը խլում էր թե՛ երկար ժամանակ, թե՛ ֆինանսապես ծախսատար աշխատանք էր, ապա ներկայումս ծախսերը կտրուկ նվազում են, և տեղի է ունենում ժամանակի տնտեսում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս համակարգի առավելություններից մեկը նաև այն է, որ էլեկտրոնային փաստաթղթերը հասանելի են կառավարման համակարգի բոլոր օղակների համար, բացի այդ` ստեղծվում է շտեմարան։ «Նախկինում պաշտոնյաները որպես փաստարկ բերում էին, որ չեն տեսել, չեն ստացել այս կամ այն փաստաթուղթը։ Աշխատանքը չկատարելու այս կարգի պատճառաբանությունները ներկայումս իսպառ վերանում են, քանի որ տեղեկությունը դառնում է հասանելի բոլոր չինովնիկներին»,- վստահեցրեց վարչապետը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասաց, որ էլեկտրոնային կառավարման համակարգի նախագծումը սկսվել է 2007-ից, իսկ ներդրումը` 2008թ.։ Այսօր պետական համակարգերի միջև ստեղծվել է լայնաշերտ փակ ցանց, որը թույլ է տալիս պետմարմինների միջև հաղորդակցությունն իրականացնել բարձր արագությամբ։ Էլեկտրոնային կառավարումը հնարավորություն է տալիս փաստաթղթաշրջանառության ժամկետը կրճատել մոտ 20%-ով։
Համակարգը նաև հնարավորություն է տալիս պետական մարմինների միջև իրականացնել տեսակապ։ Ծրագրային ապահովման, սարքավորումների ձեռքբերման, շուրջ 4 հազ. աշխատակիցների վերապատրաստման համար, ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկի միջոցներից ծախսվել է $700 հազ.։ Դ. Սարգսյանը նշեց, որ Mulberry կոչվող համակարգը նախագծել է բրիտանական AI Partnership ընկերությունը, պետական մարմինների միջև կապը ապահովել է Ucom ընկերությունը։